53-ամյա կինը փորձել է 30 հազար դոլարը փոխանակել դրամով և խաբեության զոհ է դարձել

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը հղում կատարելով ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար գումար։

«Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 53-ամյա Ա․ Գ․-ն հայտնել է, որ նույն օրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Rate Pro» էջով նկատել է տարադրամի փոխանակման կետի շահավետ գովազդ, որից հետո «Վոթսափ» հավելվածով կապվել է նշված էջի օգտատեր ներկայացած Դավիթի հետ և  պայամանավորվել է Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երևան Սիթիում» փոխանակել 30 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ փոխարինել ՀՀ դրամով, որից հետո ժամը 19։10-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնում Դավիթի հրահանգով գումարը փոխանցել է «X» համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով էլ իր հերթին այն փոխանցել է մեկ ուրիշ անձի և այդ եղանակով Դավիթը խաբեությամբ իրենից հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլարը։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն համարանիշի ավտոմեքենայի վարորդ է հանդիսանում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Հ. Ս․-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի տվյալները պարզելու, նրան և հափշտակած գումարը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել