Առաջարկվում է փոփոխություններ կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում

Iravaban.net-ը տեղեկացնում է՝ իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում սեպտեմբերի 26-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծ։ Նշված որոշմամբ  հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չտարածել ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, ինչը հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին, մասնավորապես՝ անհայտ բացակայող ճանաչված անձի կնոջն ու անչափահաս երեխաներին, դառնալ ծրագրի շահառու։ Ինչպես նաև պարտադիր կազմում չդիտարկել այն երեխաներին, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է 18 տարին և ցանկանում են որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր։ Նախագծով նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանել 1, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։

Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ հավաստագիր է ստացել 2843 ընտանիք, որից 920-ը իրացրել են այն, ընդ որում՝ 793-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 8-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 119-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։

Ծրագրի 7-րդ կետի համաձայն՝ շահառու միավորի կազմը որոշվում է ընտանիքի բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում՝ դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է։ Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ գրանցված ամուսնության դեպքում կինը չի կարողանում դիմում-հայտարարություն ներկայացնել, քանի որ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչված է անհայտ բացակայող։

Նախագծի 2-րդ կետով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետը համապատասխանեցվում է 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ 901-Լ որոշման պահանջներին և շտկվում է տեխնիկական վրիպակը։ Միաժամանակ հստակեցվում է, որ նոր ծնված երեխայի տվյալներն ավելացվում են բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման՝ իրացված հավաստագրում։

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել