Գործադիրը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը: Սույն ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 1 048 000.0 հազ. դրամ։ Այս մասին տեղեկանում է iravaban.net-ը ՀՀ կառավարությունից։
Այսպիսով՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը: Ծրագրում ներառվել են 17 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում: Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալի ավելացման համար՝ գեներատորների ձեռքբերման նպատակով, ինչպես նաև Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցին կից տարածքում ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման պայմանները և պահանջները և ուժը կորցրած ճանաչել նույն տեսակով արտահիվանդանոցային պայմանում գործունեության իրականացման պայմանները և պահանջները սահմանող կետերը: Բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները` որը իր մեջ ներառելու է շտապ օգնության կայան/ենթակայանի և մասնագիտացված բրիգադների գործունեությունը: