«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին iravaban.net – ը տեղեկանում է կուսակցությունից։
Ճեպազրույցի ընթացքում վարչապետը անդրադարձ կատարեց Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին և հայտարարեց, որ բարձր է գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երկխոսությունը՝ նշելով, որ տեղի ունեցող տրանսֆորմացիան «շատ կարևոր և կառուցողական է», քանի որ հարցերը քննարկվում են «բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում»: Ի պատասխան հնչած տեսակետների, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «ռուսական մի շարք հեռուստաալիքներ կամ առանձին վերցրած բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են», սակայն, ինքը չի դիտարկում հարաբերություններն այդ տրամաբանությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի ունեցող տրանսֆորմացիան շատ օգտակար ու կառուցողական է, դրանում դրականն անգամներով ավելի էական է, քան բացասականը:
«Եվ ես շատ բարձր եմ գնահատում դա: Եվ ես ասում եմ դա մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին: ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որ մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, շատ կարևոր է: Այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ մենք կշարունակենք առաջնորդվել: Եվ ես կարծում եմ, որ իսկապես տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար ու կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում: Իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրների, որոնք, թվում էր, որ կարող է բարդություններ առաջացնեն, մենք գտել ենք, գտնում ենք ու կգտնենք լուծումներ»,–ավելացրեց վարչապետը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայրենասիրության մոդելին և դրա դրսևորումներին։
«Խարույկի եմ գնացել, երեխաներին հարցնում եմ՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է: Երեխաների յոթանասուն տոկոսն ասում է՝ «Արարատը», նրանք նույնիսկ չգիտեն, որ Արարատը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Նույնիսկ մեզ՝ հայերիս հետ շփվող շատերը չգիտեն, որովհետև մենք այդպես ենք խոսում: Հետո իմանում են, ասում են՝ Արարատը ՀՀ–ի տարածքում չէ՞»։
Այս համատեքստում խոսվեց նաև ֆուտբոլի մասին։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարց տալ՝ ինչո՞ւ է իտալական ակումբի անունը Միլան, և այդ ակումբը գերազանց ակումբ է, իսկ հայկական թիմը, որի անունը Ալաշկերտ է, ցավոք, սուպեր ակումբ չէ:
«Կարո՞ղ է՝ այդտեղից է պետք սկսել, որովհետև հոգեբանությունը ամեն ինչի, առավել ևս սպորտի մեջ կարևոր է»,–ընդգծեց վարչապետը:
Անդրադարձ կատարվեց նաև կրթական մոդելին և առկա բացերին։
«Հայաստանում ոչ ոք չի ստացել նորմալ կրթություն, որովհետև Հայաստանում չկա նորմալ կրթական համակարգ։ Մեր խոսույթի 67֊70%-ը կրթության մասին է»,–ասաց Փաշինյանը և նշեց որ հենց այս պատճառով է, որ անընդհատ նշում են Ակադեմիական քաղաքի ստեղծման կարևորությունը։
Ամբողջական ճեպազրույցը հասանելի է այստեղ։