Կտրվի պատուհան, որտեղ դատավորները կլրացնեն յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում պարտականությունների ժամանակացույցը․ նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվումէ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է նախատեսել, որ յուրաքանչյուր դատավորի տրամադրվում է աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։ Աշխատանքային օրակարգի պատուհանները պետք է ստեղծվեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով։

Նշվում է, որ դատարանների գործունեության թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատավորների աշխատանքային օրակարգը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում դատարանները գործերի ծանրաբեռնվածության զգալի աճ են գրանցում, և համակարգը պայքարում է պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Ուսումնասիրության համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ գործերի լուծումը հետևողականորեն աճել է, քիչ դատարանների է հաջողվել հասնել կատարման ցանկալի ցուցանիշներին։ Քանի որ գործերի ծավալները մեծանում են, և կատարման տոկոսները (միջինում) 100-ից ցածր են, Հայաստանում դատարանները բախվում են իրենց ընդհանուր առկախ գործերի քանակի ավելացմանը կամ 35%-ով աճին։ Ըստ այդմ, Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանները բախվում են քննարկման սպասող գործերի ընդհանուր հարաճուն քանակի խնդրին։

Ներկայացվել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարաններում ստացվել են 22122 գործեր։ Նույն ժամանակահատվածում ավարտվել է 17725 գործ։ Ըստ այդմ, 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարանների կատարման ցուցանիշը կազմել է մոտ 80,1%։ Միաժամանակ, նման կատարման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ դատարաններում գործերի քննության արդյունավետության և ժամանակի կառավարման հետ կապված մարտահրավերներով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ առավել մեծ հանրային հաշվետվողականությունն ապահովելու և դատավորների աշխատանքային զբաղվածության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սա կներառի ոչ միայն դատական նիստերի ժամանակացույցը, այլև դատավորների այլ ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվությունը՝ կապված վերապատրաստումների, դատավորների ընդհանուր ժողովի նիստերին, Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցության, այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ։

Սա կնպաստի նաև դատավորների ժամանակի առավել արդյունավետ կառավարմանը և ավելի մանրամասն հետազոտությունների իրականացման հնարավորությանը՝ կապված նրա հետ, թե որքանով արդյուանվետ է յուրաքանչյուր դատավորն իրականացնում իր աշխատանքային պարտականությունների բաշխումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել