Խաղաղությունը պահանջում է ամենօրյա խնամք և ինստիտուցիոնալացում. Նիկոլ Փաշինյան

Պետության անվտանգության երաշխիքը խաղաղությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա՞ ընդհանրապես անվտանգության երաշխիք. իմ կարծիքով՝ այո, կա անվտանգության երաշխիք, և անվտանգության երաշխիքը խաղաղությունն է։ Խաղաղությունից բացի անվտանգության որևէ այլ երաշխիք պարզապես գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ։ Մենք այսօր ունե՞նք խաղաղություն. այո՛, խաղաղություն ունենք, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարելի համարել ձեռք բերված անփոփոխ իրողություն։

«Խաղաղությունը պահանջում է ամենօրյա խնամք և առավել ևս՝ ինստիտուցիոնալացում։ Այսօր մենք խաղաղություն ունենք, ունենք խաղաղության հռչակագիր։ Երբ ասում եմ՝ խաղաղությունը պահանջում է ինստիտուցիոնալացում, նկատի ունեմ առաջին հերթին խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Բայց դրանից հետո էլ խաղաղությունը շարունակելու է պահանջել ինստիտուցիոնալացում, որովհետև, ինչպես նշված է համաձայնագրի տեքստում, պետք է հանձնաժողովներ ձևավորվեն բնապահպանական, տնտեսական, հումանիտար և այլ հարցերի շուրջ»,- ընդգծեց նա։

Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհի ցանկացած փուլից հետո ի հայտ են գալու նոր խնդիրներ, որոնց լուծումը նույնպես պահանջելու է ինստիտուցիոնալ մոտեցում։

«Նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղությունները ինստիտուցիոնալացման կարիք ունեն։ Եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունը ապա ինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է։

Վերադառնալով գարնանը իմ արած հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- եզրափակեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել