Դեռևս առկա են մի շարք կարծրատիպեր ոստիկանությունում կանանց ծառայության վերաբերյալ, որոնք պետք է չեզոքացվեն կամ մեղմվեն․ Նատալի Սահակյան

Ոստիկանության բարեփոխումների նոր՝ 2024-2026 թվականների ռազմավարության հիմնարար ուղղություններից է մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։

«Շատ կարևոր է մշտադիտարկում իրականացնել կադրային հոսունության, տեղաշարժի մասով։ Ինչպես նաև համապարփակ վերլուծություն իրականացնել՝ հասկանալու համար ընդհանուր կարիքները, ոստիկանությունում ծառայության գրավչության մակարդակը և օպերատիվորեն հասցեագրել խնդիրները»,- նշեց նա։

Նատալի Սահակյանի խոսքով՝ կարևոր է նաև հատուկ ծրագրի մշակումը, որը հնարավորություն կտա նոր կադրեր ներգրավել համակարգ։

«Հմուտ և փորձառու աշխատակիցներին համակարգում պահելու տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի արդարացի վարձատրության, ինչպես նաև կյանք–աշխատանք հավասարակշռության ապահովմանն ուղղված քայլերի իրագործելիությունը։ Այս իմաստով կարևորում եմ կատարողականի գնահատման նոր համակարգի մշակումը և ներդնումը»,-ընդգծեց Սահակյանը։

ՆԳՆ պաշտոնյան խոսեց նաև կրթական մոդուլների և նոր կրթական մեթոդաբանության մասին՝ շեշտելով մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման գործընթացների արդյունավետությունը համակարգի համար։ Այն լիարժեքորեն կապված է կրթական գործընթացների հետ։

«Գործընթացի բաղկացուցիչ մասն է նաև կանանց ներգրավվածությունը, հաշվի առնելով, որ նախարարության նպատակներից է համակարգը համալրել կարողունակ և բավարար հմտություններ ունեցող աշխատակիցներով։ Հաշվի առնելով կառավարության տեսլականը, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներում դեռ առկա կարծրատիպերը ոստիկանությունում կանանց ծառայության վերաբերյալ, կարևոր է դառնում հատուկ միջոցառումների իրականացումը, որպեսզի այդ կարծրատիպերը չեզոքացվեն կամ մեղմվեն»,-նշեց Նատալի Սահակյանը։

Այս նպատակներին հասնելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, այդ թվում՝ վերացվել է ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված տարիքային շեմը։

Iravaban.net-ի հարցմանն իր պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2019-2024թթ․ ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում կին ծառայողների թիվը կազմել է ոստիկանության ծառայողների ընդհանուր թվի  7-10 տոկոսը։ 

Ոստիկանության իգական սեռի ծառայողների թիվը որոշ չափով նվազել է 2023 թվականին, ինչը, ըստ ՆԳՆ-ի, պայմանավորված էր ՆԳՆ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների՝ քաղաքացիական ծառայության անցումով։

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությունը խթանող տարաբնույթ միջոցառումների ու ծրագրերի և մասնավորապես՝ պարեկային ծառայությունում կանանց թիրախային ընդունելության իրականացման արդյունքում՝ ոստիկանությունում կանանց թիվը կրկին աճել է։ 2025թ․ սեպտեմբերի 4-ի դրությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում ծառայում է ոստիկանության 136 կին ծառայող»,-հայտնում են նախարարությունից։

Ընդգծվում է՝ ոստիկանությունում գենդերային հավասարության խնդիրը ապահովելու նպատակով՝  ՀՀ վարչապետի կողմից խնդիր է դրվել Պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2026 թվականի ավարտը հասցնել 30%-ի՝ անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն:

«Ներքին գործերի նախարարությունում իրականացվել և հետևողականորեն շարունակվում են իրականացվել ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանող տարաբնույթ միջոցառումներ և ծրագրեր՝  կոտրելով կարծրատիպերը և բերելով մշակութային փոփոխություն։ 

․․․Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավումը խթանելու նպատակով իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման արշավներ, փոփոխվել են ծառայության անցնելու համար սահմանված պահանջները, իրականացվել են ծառայության անցնելուն խոչընդոտող հանգամանքների բացահայտմանն ուղղված ֆոկուս-խմբային քննարկումներ։ 

Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով՝ հայտարարված ընդունելությունների շրջանակներում տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։ 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացված քննություններին, որոնցից 48-ը հաղթահարել են քննությունները և մասնակցել                  5-ամսյա վերապատրաստումների գործընթացին, որը հաջողությամբ հաղթահարել և ծառայության են անցել  33-ը։

Կարևորելով Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ 2024թ․ դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը Պարեկային ծառայության թափուր հաստիքների համալրման նպատակով հայտարարված ընդունելության տեղերի գերակշիռ մասը՝ 80%-ը հատկացվել է կին դիմորդներին։ Միասնական ընդունելություն-մրցույթի համար հատկացվել է 239 տեղ, որից 190-ը իգական սեռի, իսկ 49 արական սեռի դիմորդներին։ Այս պահի դրությամբ ուսանում է 226 անձ, որից 21-ը՝ իգական սեռի»,-հայտնում են նախարարությունից։                                               

Բացի այդ, կառավարության որոշմամբ, ի թիվս այլնի, սահմանվել են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում  ծառայության ընդունվող կին թեկնածուների հասակին և քաշին ներկայացվող նոր պահանջներ։ Նպատակը ոստիկանությունում ծառայությանը կանանց մասնակցության խթանումն է, քանի որ, ինչպես վկայում են ուսումնասիրությունները, թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանափակումների հետևանքով Ոստիկանությունում ծառայության համար դիմած կանանց կեսից ավելին դուրս էին մնում ընդունելությունից, թեև ներկայացվող մյուս պահանջներին, ըստ էության, համապատասխանում էին։ 

829 ուսումնական հաստատություններում հանդիպումներ են անցկացվել՝ ներկայացնելով ոստիկանությունում աշխատանքի բնույթն ու կանանց ներգրավվածության կարևորությունը: 

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։

Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել