Հակակոռուպցիոն ռազմավարության կատարողական ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս․ ԻՀԱ զեկույցի շնորհանդեսը

Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում: 

Այսպիսով, 69 գործողությունից ամբողջությամբ կատարվել է 21-ը, մեծամասամբ՝ 9, 33-ը դիտարկվել է որպես մասնակի կատարված, և 6-ը՝ չկատարված։ Ընդհանուր ռազմավարության կատարողական ցուցանիշը կազմում է 30.43%։

Զեկույցի շնորհանդեսին՝ հունիսի 12-ին, բացման խոսքով ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը։

Նրա դիտարկմամբ՝ կատարված մշտադիտարկման արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն, որի պատճառներից մեկն էլ ռազմավարության գործողությունների ծրագրի բավականին ընդգրկուն և բազմաշերտ լինելն է.

«Ես կարծում եմ՝ հախուռն կերպով շատ ուռճացրինք ռազմավարությունը և գործողությունները։ Դա, իրականում, հնարավոր չէ ամբողջությամբ կատարել։ Դրա համար անցյալ տարի Արդարադատության նախարարությանը ներկայացրի, որ մենք կարիք ունենք կրկին անցնելու ռազմավարության վրայով, կրճատել շատ գործողություններ, թողնել հիմնականը, որոնք կարևոր են լինելու»։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիային ինչպես միջոցառումը կազմակերպելու, այնպես էլ զեկույցը կազմելու համար։

«Գուցե պետական մարմինների և հանրային հատվածի տեսակետները իրարից տարբերվում են, սակայն քաջ գիտակցում ենք հասարակական կազմակերպությունների, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը մոնիթորինգի իրականացման շրջանակներում։ Դեռևս 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլում ունեցել ենք մասնակցային, ներառական գործընթաց։ Հաշվի են առնվել ՀԿ-ների կարծիքները, այդ թվում՝ ԻՀԱ-ի։ Ընդունել ենք հավակնոտ, հնարավոր է՝ նաև չափից ավելի ծավալուն ռազմավարություն։ Այս պայմաններում խիստ կարևոր է արդյունավետ մոնիթորինգի իրականացումը», – նշեց Քոչարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունն աշխատում է մոնիթորինգի արդյունքների գնահատման և ռազմավարության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դիանա Սարումովան ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերը հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորման, վերահսկման և արդյունավետության բարձրացման գործընթացում։

«Այսօր արդեն ակնհայտ է, որ պետական կառույցների, բիզնեսի և ՔՀԿ-ների միասնական ու համատեղ աշխատանքը շատ կարևոր է վստահությունը վերականգնելու և ժողովրդավարական համակարգը պահպանելու համար։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի անունից ցանկանում եմ նշել, որ բարեվարքությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կարևոր են ոչ միայն պետական կառավարման, այլ նաև տնտեսական, ներդրումային մթնոլորտի բարելավման և մրցակցային շուկայի ձևավորման համար», – նշեց Սարումովան։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը խոսելով իրականացված աշխատանքի ու մոնիթորինգի նպատակների մասին՝ նշեց, որ գնահատման է ենթարկվել թվով 69 գործողություն, որոնք պետք է կատարվեին 2023–2024 թթ. ընթացքում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիաննա Ավագյանը ներկայացրեց ռազմավարության գնահատումը ըստ ոլորտների և ռազմավարական նպատակների։ 

Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝

  1. ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ․-ների համար կազմել է 30.43%,
  2. վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ․-ների համար կազմել է 64.13% 

Ազդեցության մակարդակի (որակական) գնահատման նպատակով գնահատվել են մեթոդոլոգիայով մշակած չափանիշներին համապատասխան 7 գործողություն, որոնց կատարումը գնահատվել է ոչ ամբողջական իրականացված։

Միջոցառմանը ներկա էին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, որոնց ներկաները մի շարք հարցեր ուղղեցին։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Զեկույցի շնորհանդեսի շրջանակներում ներկայացված սահիկաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել