«Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն»․ Արամ Սարգսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին քրիստոնյա և հայ լինելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ես ցեղասպանությունը ընկալում եմ այս տեսանկյունից և համոզված եմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նման մղումով։ Ես դեմ եմ ցեղասպանության թեման քաղաքականացնելուն և անբարո եմ համարում, երբ շահարկում են ու ինքնադրսևորվում։ Վերջին տարիներին գերադասում եմ անգամ հուշահամալիր գնալ ոչ թե կուսակիցներիս, այլ ընտանիքիս հետ, և՝ ավելի հանգիստ ու ուշ ժամի։ Համոզված եմ, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ՝ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։ Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…

Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում և լույսերի մեջ պահի քրիստոնյա և հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ՝ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը և օգնի մեզ։ Աստված Օրհնի Հայաստանը…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել