Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`
ա) պետական սահմանի անձեռնմխելիությունը.
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.
գ) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից:
Ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով: