2025թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՕ-340-Ն և ՀՕ-285-Ն հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնցով խստացվել են շրջանառության հարկի ռեժիմում գործողների համար վարչարարությունը և կրկնակի անգամ բարձրացվել են շրջանառության նկատմամբ հաշվարկվող դրույքաչափերը, լուրջ դժգոհություններ են առաջացրել ՓՄՁ-ների շրջանում։
«Իհարկե կան ՓՄՁ ներկայացուցիչներ (որոնք ցավոք սրտի շատ քիչ են), ովքեր այս փոփոխություններով տրված այն հնարավորությունից, որով հնարավոր է հարկի նվազեցում անել հիմնավորված ծախսերով, օգտվում են և իրենց մոտ հարկի նվազեցում է լինում։
Ինչպես արդեն գիտեք, մոտ մեկ ամիս է առևտրի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող ՓՄՁ ները տարբեր ձևաչափերով բողոքի ակցիաներ են իրականացնում։
ՓՄՁ Ասոցիացիան, փորձում է աջակցել բողոքող ՓՄՁ ներին, ապահովելու համար կառուցողական երկխոսություն պետական մարմինների և դժգոհող ՓՄՁ խմբերի միջև։
Ասոցիացիայի ներկայացուցիչները մինչ այժմ մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի և պետական մարմինների ներկայացուցիչների հետ փակ և բաց տարբեր ձևաչափերով քննարկումներին։ Ասոցիացիայի կողմից գրավոր ձևակերպվել և պատկան մարմիններին է գրավոր ներկայացվել բողոքողների միասնական պահանջը՝
– ԿԱՍԵՑՆԵԼ 2025թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վերոհիշյալ օրենքների ժամկետները,
– կասեցված ժամանակահատվածում համագործակցային, ֆոկուս խմբային ձևաչափերով դուրս բերել ավելի լավ մտածված կարգավորումներ։
Տեղեկացնում ենք, որ ՓՄՁ բողոքի ակցիաների ակտիվ խումբը, վերջին հավաքից հետո, որոշել է հավաքվել ՀՀ կառավարության շենքի առաջ վաղը՝ 13.02.25թ-ին, ժամը 11։00-ին, որպեսզի կառավարության ղեկավարից ստանա պատասխան դիրքորոշում վերոհիշյալ ոչ խորը ու լավ մտածված օրենքների ժամկետների հետաձգման վերաբերյալ»,-ասված է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի տարածած հայտարարությունում։