Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց, հայտնում են ոստիկանությունից։
«Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ:
Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ու ստացվեց տեղեկություն, որ հեռուստացույցների գողությունը կատարել են ստեփանավանցի 24-ամյա երկու երիտասարդ և Սվերդլով գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ` իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով:
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին 41-ամյա տղամարդը Ստեփանավանի բաժին ներկայացրեց գողացված 6 հեռուստացույց: Յոթերորդ հեռուստացույցի վերաբերյալ նա հայտնել է, թե այն կոտրվել է ու դեն է նետել:
«Ֆորդ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ ստեփանավանցի երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: