Երևանի ավագանին այսօրվա նիստին քննարկել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում փոփոխությունները:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց փոփոխվեղ կետերը.
- Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին:
- Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները (մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում):
- Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
- 1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ,
- 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,
- 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:
Երևանի ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային համակարգի արտոնություններին առնչվող որոշման նախագիծը։ Փոփոխությունները կգործեն մարտի 1-ից։