Կամավոր ատեստավորում և տարակարգ. 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են:

Հարցի զեկուցման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության խրախուսմանն ուղղված պետական ծրագրերը:

Կամավոր ատեստավորման արդյունքում ավելի քան 6100 ուսուցիչ ստանում է բարձր աշխատավարձ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման 4 տարվա արդյունքում արդեն ավելի քան 6100 ուսուցիչ (ուսուցիչների 20 %-ը) հաղթահարել է ատեստավորման շեմը, օգտվել ծրագրից և ստանում է բարձրացված աշխատավարձ: Բացի դրանից՝ այս ծրագրի շրջանակում 2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակելու աշխատանքը՝ որպես ուսուցիչ: Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով 49 ուսուցիչ էլ այժմ պետական բյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում:

1263 ուսուցիչ ունի տարակարգ, որոնցից 285-ն այն ստացել է 2024 թվականին

Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվող մյուս կարևոր ծրագիրը տարակարգի շնորհման ծրագիրն է: «2024 թվականին 285 ուսուցիչ արդեն իսկ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ՝ արդյունքում նաև ավելացնելով իր վարձատրությունը 10-50% հավելավճարով: Ներկայում տարակարգ ունեցող և համապատասխան վարձատրություն ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը: 

Բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող 8200 ուսուցիչ ստանում է 25% հավելավճար 

ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ՝ ուսուցիչների մասնագիտության գրավչությանն ուղղված մյուս կարևոր ծրագիրը բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար 25%-ի հավելավճարի ծրագիրն է, որի շահառու է հանդիսանում 8200 ուսուցիչ: 

Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցի 3100-ից ավելի ուսուցիչ ստանում է 50% հավելավճար

Բացի դրանից՝ գործում է առանձին ծրագիր գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների համար՝ մինչև 50% հավելավճարի հնարավորությամբ, որի շահառու են 3100-ից ավելի ուսուցիչներ: 

2024 թ. ուսուցիչների խրախուսման ծրագրերին 8,9 մլրդ դրամ է հատկացվել, 6,5 %-ով ավելացել է ընդհանուր ֆինանսավորումը

Ընդհանուր առմամբ՝ ուսուցիչների վարձատրության խրախուսման վերոնշյալ ծրագրերին 2024 թվականին պետական բյուջեից 8,9 մլրդ դրամ է հատկացվել:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բացի այդ՝ էապես ավելացվել էր հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը, որը նախորդ տարվա համար շուրջ 6,5 %-ով ավելի էր, քան 2023 թվականին: Ընդ որում՝ սա էապես առնչվում է ուսուցիչների վարձատրությանը, քանի որ 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասաժամերը սահմանվել են 1 դրույքի համար 18 ժամ, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ: 

«Սա հանգեցրել է մեկ դասաժամի վարձատրության արժեքի մեծացման՝ համապատասխանաբար 20 և 10 տոկոսով: Այս համալիր քաղաքականության արդյունքում 2023/24 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս՝ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված մեր ծրագրերն աշխատում են: Ընդ որում՝ այս ուսուցիչների շուրջ 56%-ն ընդգրկվել է գյուղական դպրոցներում է, և նրանց մեծ մասը երիտասարդներ են: Շարունակական աշխատանք է տարվում գործող ընթացակարգերի լավարկման և բարելավման ուղղությամբ: Այս նպատակով  են առաջարկվում նաև տարակարգի նախագծով նախատեսված փոփոխությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 

Տարակարգի համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային  համակարգով 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջարկվող փոփոխության կարևորագույն առաջնահերթություններից է թվայնացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ առաջիկայում տարակարգի  համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային  համակարգի միջոցով. «Սա կարևոր է թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից, թե՛ ներկայացվող փաստաթղթերի ծավալի կրճատման առումով՝ հաշվի առնելով, որ Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան»:

Թղթաբանության կրճատում համատեղությամբ աշխատանքի և մի շարք այլ դեպքերում

Նոր փոփոխությամբ հանրապետական հանձնաժողովն իրավունք կունենա ուսուցչին տալու դիմածից բարձր կամ ցածր աստիճանի տարակարգ: Մյուս ճշգրտմամբ՝ հավելավճարը կհաշվարկվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեության խրախուսման, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերը:

Կարևոր փոփոխություն է համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը:

«Կարևոր է նաև այն, որ հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով առաջին և երկրորդ տարակարգի ստացման հնարավորություն է ընձեռվում այն ուսուցիչների համար, որոնք հերթական ատեստավորման արդյունքում 80-89% կամ 90-100% արդյունք են ցուցաբերում: Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները.  նախարարության կողմից երաշխավորված լինելը պարտադիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ հստակեցվել են նաև որոշակի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող այլ դրույթներ:

1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

Հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով 3-րդ և 4-րդ աստիճան տարակարգ ունեցող ուսուցիչների թվին՝ նախարարը պարզաբանել է, որ նշված աստիճանի տարակարգի կարող են դիմել միայն կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչները:

Տարակարգի մեխանիզմը ներդրվել էր 2012 թվականից, որին հաջորդող 10 տարիների ընթացքում  որևէ ուսուցիչ 4-րդ աստիճանի տարակարգ չէր ստացել, քանի որ սահմանված ընթացակարգով ուսուցիչը, եթե անգամ համապատասխանում էր պահանջվող բոլոր չափանիշներին, չէր կարող ամենաբարձր տարակարգը ստանալ, եթե մինչ այդ դրա նախորդ աստիճանների՝ այսինքն՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի տարակարգ չէր ստացել: Բացի այդ՝ յուրաքանչյուր հաջորդ աստիճանի անցման համար սահմանված պարտադիր ժամանակահատված կար, և ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի համար ուսուցչից կարող էր 9 տարի ժամանակ պահանջվել որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, արհեստական խոչընդոտ էր:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս պահին 4-րդ աստիճանի տարակարգ ունի 59 ուսուցիչ, որը նրանց 50 տոկոս հավելավճար է ապահովում: Տարակարգի և կամավոր ատեստավորման համադրման արդյունքում՝ 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: «Տարակարգի աստիճանները փոխկապակցված են ուսուցչի մասնագիտական ստանդարտներին, որոնք ևս չորսն են: 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգեր ստանում են հետազոտող և վերապատրաստող ուսուցիչները, և նրանց կարևոր գործառույթներից է նաև մենթոր հանդիսանալը մյուս ուսուցիչների համար, ինչը նշանակում է, որ նրանք իրենց փորձն ու կարողությունները պետք է տարածեն իրենց գործընկերների վերատրաստման, աջակցման, կարողությունների զարգացման ուղղությամբ»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել