Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք է հանդիսացել հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի գործիքների ներդրման անհրաժեշտությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանձնաժողովին է ներկայացրել Կառավարության առաջարկները, որոնք մինչև երկրորդ ընթերցումը ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:
Կառավարության առաջարկներում, ի թիվս այլնի, առաջարկվում է նախագծով նախատեսել տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների (ծառայողների) շրջանակի սահմանման վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև համապատասխան աշխատակցի (ծառայողի) կողմից տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում` մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառման (լոգավորման), մուտք գործելու նպատակի, մուտք գործող իրավասու աշխատակցի (ծառայողի) տվյալների լրացման պարտադիր պահանջ։
Միաժամանակ, ՆԳՆ առաջարկով հստակ պայմաններ են սահմանվել տվյալների փոխանցելիության և դրանց կիրառման նկատմամբ։
Կառավարության առաջարկները մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և առաջարկությունները հիմնված են ոլորտում ամենաբարձր միջազգային ստանդարտների վրա։
Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: