ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա վստահեցրել է, որ այս բարեփոխման օգուտները թե’ միջնաժամկետ, թե’ երկարաժամկետ հեռանկարում առավել զգալի են լինելու, քան այն տեխնիկական անհարմարությունները, որոնք նախորդում են յուրաքանչյուր ռեֆորմի:
Քննարկմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նախ սահիկաշարի միջոցով ներկայացրել է հայտարարագրման համակարգի կարեւոր դրույթները, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Նախ` ո՞վքեր պետք է ներկայացնեն հայտարարագիր 2025 թվականին.
1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները:
2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները:
3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:
4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպություններում մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
5. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները:
6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները:
ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ վերջին քննարկումների արդյունքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: Ժամկետի փոփոխությունը նախագծման փուլում է:
Խոսելով հայտարարագրի լրացման առանձնահատկությունների մասին` նա հիշեցրել է` քաղաքացին նախ պետք է ունենա նույնականացման քարտ, որից հետո պետք է ընտրի նույնականացման երկու ճանապարհ` նույնականացման քարտի եւ բջջային նույնականացման միջոցով, որը կապի օպերատորներից պետք է ձեռք բերի:
Մշակվել է ե’ւ բջջային հավելված, ե’ւ կայքէջ, որտեղ քաղաքացիները նույնականացվելուց հետո կլրացնեն իրենց հայտարարագրերը: Նշվել է, որ վարձու աշխատողների համար մեծամասամբ ինքնաշխատ եղանակով լրացվում են եկամուտները: Ինքնաշխատ լրացվում են նաեւ այն վերադարձվող գումարները, որոնք գոյանում են եկամտային հարկից, օրինակ` հիպոտեկային վարկի տոկոսների, ուսման վարձի գծով, շահաբաժինների մասով եկամտային հարկի վերադարձը: Անցած տարի ներդրվեց տաքսիների հարկման մեխանիզմը, այս հարթակում եւս առաջիկայում ինքնաշխատ լրացվելու են տվյալները: Առաջիկայում ինքնաշխատ համակարգը գործելու է նաեւ այն կուտակային հատկացումների դեպքում, որոնք պետությունը կատարում է ի լրումն կուտակային կենսաթոշակային ֆոնդերի:
Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում հայտարարագրման համակարգը քաղաքացիների համար առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:
Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության առանձին գործիքներով քաղաքացիներին տրվող գումարներն առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում` «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները: Սրանք առաջիկա պլաններ են, եւ ներդրվելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ինքնաշխատ եղանակով լրացվելու է: Դրանից հետո քաղաքացին պարզապես կստուգի եւ կհաստատի հայտարարագիրը:
«2023 թվականի արդյունքներով 2024 թվականին մոտ 59,000 քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է: Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահն ու հավելել, որ, մասնավորապես, կրթության եւ առողջապահության գծով նախորդ տարի սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս ստացել է 3732 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 825 քաղաքացի: Անցած տարի 340 մլն, իսկ այս տարի մոտ 79 մլն դրամ քաղաքացիները ստացել են:
Անդրադարձ է եղել վարձակալությամբ տրվող բնակարանների գծով վճարները հայտարարագրելուն: Էդուարդ Հակոբյանի խոսքով կան էական հայտարարագրումներ, այս մեխանիզմը հնարավորություն է տալիս նույնիսկ մյուս եկամուտները բերելու այս հարթակ եւ առանց էական ժամանակ ծախսելու հայտարարագրել:
ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաեւ քաղաքացիների իրազեկմանն ուղղված աշխատանքները. հոլովակներ են պատրաստվել, հայտարարագրի լրացման ուղեցույց է ՊԵԿ կայքում տեղակայված, մշակվել են տեղեկատվական թերթիկներ, հարցուպատասխանի ընթացակարգով քաղաքացիների հարցերին պատասխաններ են տրվում, բոլոր հարցերը հավաքագրվում են եւ պարբերաբար հրապարակվում ՊԵԿ սոցիալական հարթակներում: Մշակվել են հոլովակներ, որտեղ ՊԵԿ աշխատակիցները ներկայացնում են հայտարարագրերի լրացման քայլերը: Այլ խողովակներով եւս իրականացվում են իրազեկումներ. առաջիկայում մարզային այցեր են նախատեսվում: Մշակվել է ուղեցույց, որը կտրվի նաեւ քաղաքացիներին, հասանելի կլինի նաեւ սպասարկման սրահներում:
Հաջորդ կարեւոր հարցը վարչարարությանն է վերաբերում: Եթե քաղաքացին չի լրացնում կամ սխալ է լրացնում հայտարարագիրը, ՊԵԿ-ն իրազեկման աշխատանք է իրականացնում, շտկման հնարավորություն է տալիս քաղաքացուն: Չշտկելու դեպքում նախազգուշացնում է, կրկին չշտկելու պարագայում վարձու եւ քաղիրավական պայմանագրով աշխատողների համար սահմանված է 5000 դրամ տուգանք: Մեկ միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպություններում սեփականատերերի համար տուգանքը 50,000 դրամ է: Հաջորդ քայլով այդ գումարը կրկնապատկվելու է: Այդ տեսանկյունից անցած տարի աշխատանքներ են իրականացվել, մոտ 2638 վարչական վարույթներ են նախաձեռնվել:
Էդուարդ Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով հետվճարների հնարավորությանը, գործընթացին ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների մասնակցությանը, սոցիալական տարբեր խմբերի կողմից հայտարարագրում իրականացնելու դժվարություններին, համակարգի ներդրման նպատակներին, ինքնաշխատ եղանակով լրացման գործարկմանը եւ այլն:
Զեկուցողի խոսքով գործող կարգավորումներով փոխհատուցման ենթակա են կրթության գծով կատարված բոլոր վճարները: Նշվել է, որ եթե քաղաքացին ձեռք է բերել առողջության ապահովագրություն, ապա այդ մասով իրականացված վճարների համար եւս կարող է ստանալ փոխհատուցում:
Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ Կառավարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցել նաեւ ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարները: Սպորտային, երաժշտական, արվեստի խմբակների համար կատարված վճարների մասով եւս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել. համապատասխան որոշումն առաջիկայում կընդունվի Կառավարության կողմից:
Էդուարդ Հակոբյանը մանրամասնել է` տրանսֆերտները, նվիրատվությունները չեն հարկվում, իսկ ավանդների դիմաց հարկված տոկոսները բանկը փոխանցում է ՊԵԿ-ին: Նշվել է, որ անձի խնայողությունները չեն հայտարարագրվելու: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կոմիտեն հասանելիություն ունենալու է քաղաքացու բանկային գաղտնիքին` Էդուարդ Հակոբյանն ընդգծել է` միայն ստուգման շրջանակում սահմանափակ տեղեկատվության` համախառն մուտքերին եւ ելքերին:
Նշվել է, որ ՊԵԿ ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում նաեւ կազմակերպություններ, բուհեր` ներկայացնելու հայտարարագրում իրականացնելու գործընթացը: