Սույն թվականի հունվարի 26–ին Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում կոչ է արվում զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Հայտարարությամբ պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից՝ կարևորելով պետական իրավասու մարնինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:
Վերոգրյալի հետ կապված Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են հետևյալը․
«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշտադիտարկման ու մոնիթորինգի գործիքների կիրառմամբ հետևում է երեխաների մասնակցությամբ հրապարակումներին և դրանցում երեխաների անձնական տվյալների մշակման խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում։
Գործակալությունը նաև արձագանքել է 2024 թվականին ՄԻՊ–ի կողմից հասցեագրված գրություններին` կոնկրետ հրապարակումների վերաբերյալ, որոնցում առկա է եղել երեխայի նույնականացման վտանգ՝ պահանջելով կոնկրետ լրատվամիջոցներից՝ հեռացնելու երեխայի այն անձնական տվյալները, որոնց հրապարակմամբ ստեղծվել է երեխային նույնականացնելու, հետևաբար նաև՝ թիրախավորելու հնարավորություն։
Կարևորելով երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ Գործակալությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել վերջին մեկ տարում։ Մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստանի բոլոր դպրոցների շրջանում հայտարարված «Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթին մասնակցել է շուրջ 350 աշակերտ 100–ից ավելի դպրոցներից։ Միջոցառումը լայն արձագանք ստացավ թիրախային խմբերում և լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներով։
Համացանցում երեխաների լուսանկարների ու տեսանյութերի հրապարակման վտանգների ու հնարավոր ռիսկերի մասին իրազեկելու նպատակով Գործակալության կողմից մշակվել է «Երեխաների լուսանկարները համացանցում․ կիսվել՝ առանց վնասելու» ուղեցույցն ու բուկլետը․ վերջինը GIZ-ի աջակցությամբ հրատարակվել է և տրամադրվում է շահառուներին՝ Գործակալության կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում:
Ուսումնական հաստատություններում երեխաների անձնական տվյալների մշակումն օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով Գործակալության կողմից մշակվել և ՅՈՒՆԻՍԵՖԻ աջակցությամբ հրատարակվել է ձեռնարկ՝ «Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ՀՀ ուսումնական հաստատություններում» վերնագրով՝ նախատեսված ուսուցիչների և դպրոցների վարչական աշխատողների համար։ Նշված ձեռնարկի օգտագործմամբ առաջիկայում նախատեսվում է վերապատրաստումների շարք սկսել Տավուշի մարզի դպրոցների համար։
Արդեն այս տարի՝ 2025 թվականի հունվար ամսին, Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպվել է հանդիպում ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև երեխաների անձնական տվյալների հրապարակման կանոնները, դրանց խախտման հետևանքով հնարավոր վտանգներն ու արհեստական բանականության գործիքների միջոցով տվյալների մշակման ռիսկերը։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ պատրաստվում է տեղեկատվական տեսահոլովակ՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների միջոցով երեխաների անձնական տվյալների հրապարակման կանոնների, համաձայնության ստացման և երեխայի լավագույն շահի վերաբերյալ, որը պատրաստ լինելուն պես կշրջանառվի հեռուստատեսության և համացանցի միջոցով:
Կարևորելով լրատվության միջոցներով երեխաների անձնական տվյալների մշակման լավագույն փորձի վերաբերյալ տեղեկացվածությունը՝ Գործակալությունն առաջիկայում նախատեսում է ուսուցումներ իրականացնել լրագրողների և մեդիա ոլորտի աշխատողների համար։
Երեխաների անձնական տվյաների պաշտպանության, հատկապես՝ երեխաների մասնակցությամբ հրապարակումների իրավաչափության նկատմամբ Գործակալության իրականացրած աշխատանքները վերը թվարկվածով չեն սահմանափակվում, այդ աշխատանքները շարունակական են և ամենօրյա։ Այնուամենայնիվ, իրազեկվածության պակասն ու շարունակական կրթության ու տեղեկացվածության անհրաժեշտությունն առկա է, ուստի դրանց իրականացումը շարունակում է մնալ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջնահերթություններից։ Շնորհակալ ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ այս թեմայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության ու հետևողականության համար։ Ակնկալում ենք նաև ՄԻՊ մասնակցությունն ու ջանքերի մեկտեղումը՝ սահմանված նպատակներին հասնելու համար»։