Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ․ նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Աշխատանքային օրենսգրքում նոր լրացվող 102.2-րդ հոդվածով նախատեսվում է, որ թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը, ինչպես նաև թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է նշված նախագիծը։
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է։
Միաժամանակ Նախագծով նախատեսվում է, որ թվային համակարգին հասանելիություն է տրամադրվելու`
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.
- Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։
Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգավորումները։
Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։