«Երբեք տուգանվելուց այսքան բավարարված չէի եղել»․ փոխնախարար

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին պարեկային ծառայողը տուգանել է։ Փոխնախարարը ֆեյսբուքյան իր էոջում գրել է․

«Երկօրյա մտորումներից հետո ամեն դեպքում որոշեցի գրել։

Երկու օր առաջ, կեսգիշերին, աշխատանքից վերադառնում էի տուն, երբ պարեկային ծառայության աշխատակիցները մեքենաս կանգնացրեցին։ Խախտում չէի նկատել և տարակուսանքով մեքենան կանգնացրեցի։
Պարեկային ծառայողը մոտեցավ։

– Հարգելի վարորդ՝ լեյտենանտ ….յան, խնդրում եմ Ձեր փաստաթղթերը։
Փաստաթղթերս ներկայացնելով հարցրեցի, թե ի՞նչ խախտում եմ արել։

– Հարգելի վարորդ լուսարձակները անջատած եք քշում։

Իրոք որ, հոգնածությանս պատճառով չէի նկատել, որ անգամ լուսարձակներս չէի միացրել։ Ներողություն խնդրեցի և շտկեցի իհարկե։
Պարեկը գնաց փաստաթղթերս ստուգեց ու մոտեցավ.

– Պրն փոխնախարար ներողություն եմ խնդրում, բայց խախտման համար պետք է ակտ գրեմ։

– Հարգելի ոստիկան, ես կնեղսրտեի, եթե չգրեիք, ես այս տեսակ Հայաստանի համար եմ պայքարել, որտեղ օրենքի առջև բոլորն են հավասար և պատասխանատու։ Ես չեմ պայքարել, որ հիմա էլ իմ «չտուգանվելու» հերթը գա։

Երբեք տուգանվելուց այսքան բավարարված չէի եղել,  սա է իմ կողմից ընդունելի, անգամ երազելի կացութաձևը, որի համար արժեր պայքարել։

Երբ անտեսվում և շրջանցվում են պետական կարգերն ու կանոնները՝ քանդվում է պետությունը, և դրա հետևանքները բավականին դաժան կերպով բոլորս զգացինք ժամանակին։ Հիմա կարծում եմ, պետք է թեկուզ դժվարությամբ, լրացուցիչ ջանք կիրառելով և շատ-շատ-շատ աշխատելով փլատակներից պետություն կերտենք։ Ու կարծես թե ճիշտ ճանապարհին ենք։

Ես հավատում եմ մեզ։

Առողջ և ուժեղ լինենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել