Լեռնային Ղարաբաղի (խմբ․` օկուպացված Արցախի Հանրապետություն) անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է նամակ, որը նա գրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության ղեկավարներին։
Վիտալի Բալասանյանը նամակը գրել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին։
Նամակում նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22 հազար քաղաքացիներ, որոնք ազգությամբ հայեր են և բնակվում էին Հադրութի, Մարտունու, Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, ստիպված են եղել լքել հայրենիքը և ապաստան գտնել Հայաստանի տարածքում, քանի որ վերոնշյալ տարածքները անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։
«2020 թվականից ի վեր խաթարվել է առանց այն էլ փխրուն խաղաղությունը, և 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղի ևս մոտ 120 հազար քաղաքացի բռնի կերպով զրկվել է իրենց տներից և հայտնվել փախստականի կարգավիճակում։
Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք եռակողմ հայտարարության (9 նոյեմբերի 2020թ.) կողմերին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, կոչով՝ կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։
Նախաձեռնող խումբ
«Լեռնային Ղարաբաղ. վերադարձիր»»։