2025 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Այսուհետ՝ Կոալիցիա) 9-րդ համաժողովը։ Միջոցառումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ Երևանի ՔՀԿ ներկայացուցիչների առկա մասնակցությամբ, իսկ մարզային գործընկերները միացան առցանց հարթակի միջոցով։
Համաժողովի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 08.12.2023-16.01.2025 թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը։ Զեկույցում մանրամասն անդրադարձ կատարվեց Կոալիցիայի կողմից ներկայացված հայտարարություններին, իրականացված վերլուծություններին և ձևավորված դիրքորոշումներին, ինչպես նաև քննարկվեցին առկա մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։
Օրակարգի շրջանակներում քննարկվեց և հաստատվեց Կոալիցիայի կանոնակարգը՝ նոր խմբագրությունը։ Համաժողովի մասնակիցները նաև քննարկեցին և հաստատեցին Կառավարման խորհրդի նոր՝ հնգանդամ կազմը։ Ընտրությունների արդյունքում Կոալիցիայի 9-րդ կառավարման խորհրդում ընդգրկվեցին՝
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս Կարեն Զադոյանի,
- «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս Դիանա Սարումովայի,
- «Մեդիան հանուն կրթության» ՀԿ՝ ի դեմս Անուշ Մարտիրոսյանի,
- «Թվային Հայաստան» ՀԿ՝ ի դեմս Արմեն Բաղդասարյանի,
- «Արդարության տուն» ՀԿ՝ ի դեմս Թերեզա Գալստյանի։
Նորընտիր կառավարման խորհրդի առաջին նիստում միաձայն որոշմամբ խորհրդի նախագահ ընտրվեց Դիանա Սարումովան։ Կառավարման խորհրդի որոշմամբ «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը անդամակցեց Կոալիցիային։ Կառավարման խորհուրդը պատրաստակամություն հայտնեց շարունակել Կոալիցիայի արդյունավետ գործունեությունը՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդմանը։