Արցախյանի մի խումբ կազմակերպություններ պահանջագիր են ներկայացրել ՄԱԿ-ի կառույցներին և անդամ պետություններին՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման համար

Արցախյան մի խումբ կազմակերպություններն այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ  երկլեզու պահանջագրեր են ուղղել ՄԱԿ-ի կառույցներին և ՀՀ Կառավարությանը։

«Հաշվի առնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշված ու բնիկ ժողովրդի ամբողջական հայրենազրկումն ու բռնի տեղահանումը Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի կողմից,

Հիմք ընդունելով, որ միջազգային հանրությունը հավաքականորեն ձախողել է Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը,

Արձանագրելով, որ միջազգային հանրության տարբեր ազդեցիկ անդամներ գիտակցաբար աջակցել են Արցախի ու ընդհանրապես հայ ժողովրդի դեմ իրագործված միջազգային հանցագործություններին,

Հիշեցնելով, որ ուղիղ 35 տարի առաջ Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց հերթական կոտորածների, որով փաստացի ավարտին հասցվեց Ադրբեջանի հարյուր հազարավոր հայ բնակչության ցեղասպանությունը,

Նկատի ունենալով, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները շարունակվում են առ այսօր՝ հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու շինծու «դատավարություններով», ադրբեջանական բռնազավթման ներքո հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի աճող սպառնալիքներով, հայատյացության ահագնացող քաղաքականությամբ և այլ դրսևորումներով,

Խիստ մտահոգված լինելով Ադրբեջանական պատանդառության տակ գտնվող բոլոր հայերի, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց դեմ տեղի ունեցող վայրագություններով, շուրջ 80 բռնի անհետացած անձանց և հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի ծանր անորոշությամբ,

Փաստագրելով, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած և ունենալիք բոլոր «դատավարությունները» ակնհայտորեն միտված են հավաքական պատիժ ու նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ,

Ընդգծելով, որ նույնիսկ այս ամենից հետո ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները և անդամ պետությունները շարունակում են իրենց անտարբեր ու անարդյունավետ գործունեությունը, որը չի կարող վերացնել հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների հետևանքները և կանխել նորանոր հանցագործությունների կատարումը,

Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը համարվում է միջազգային հանրության հավաքական դեմքն ու ձայնը,

Հղում անելով միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին՝ ընդունված ՀՀ դիմումների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 7-ին, 2023թ. փետրվարի 22-ին, հուլիսի 6-ին և նոյեմբերի 17-ին՝

Պահանջում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, առանձին կառույցներից և անդամ պետություններից հետևյալը՝

1. Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող բոլոր հայ պատանդներին:
2. Նախքան ազատ արձակումը՝ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում՝ կիրառելով թե՛ մշտադիտարկման և թե՛ պատժամիջոցների ողջ գործիքակազմը:
3. Գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:
4. Գործարկել միջազգային մեխանիզմներ Արցախի մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման ու պաշտպանության համար:
5. Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի ապահովման ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել