Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կանոնադրության համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոն առաջանալու հիմքով հայտարարվել է մրցույթ, և 2024 թվականի դեկտեմբերի 10-ին այն տեղի է ունեցել: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 1 հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Գրիգորի Սիմոնյանը: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամից 18-ը, ռեկտորի ընտրությունը կայացել է 1 փուլով, որի արդյունքով, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ, 17 կողմ, 1 դեմ ձայնով Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետում, և այժմ Կառավարության կողմից այդ ընտրության արդյունքները կարիք ունեն հաստատման:
Պարոն Սիմոնյանն արդեն իսկ շուրջ 1 տարի ժամանակավոր պաշտոնակատարն էր համարվում բուհում և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը»,- ասաց նախարարը:
Տիգրան Սիմոնյանը նշեց, որ հասկանում է և նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որը հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։