Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ.Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով: Այս մասին հայտնում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Հոդված 550․ Զինվորական պաշտոնեական անփութությունը
1. Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ
2) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ ,ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։