«Հիմա ինչո՞ւ պետք է բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք. սա ձեր պարտականությունն է եղել»․ Տիգրան Ավինյան

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է. «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»։

Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Բեգլար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը. «Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին Hyundai-ները փոխում ենք, գազելները 2023թ. արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եւ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հիմա՝ կառավարության որոշում է, հաստիքացուցակ է….հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նոյեմբերից ավտոբուսները եղել են, պարզ է եղել՝ հունվարից որ գծերն են փոխվելու և միաժամանակ եղել է հավաքագրման խնդիր. «Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Սա մենք չպետք է քննարկեինք հիմա այստեղ»։

Քաղաքապետը նշել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը:

Քաղաքապետը նաև նշել է, որ ամեն մեկն իր տեղում իր հարցերը պետք է լուծի. «Մենք չենք կարող անընդհատ «Երևանի ավտոբուս»-ով զբաղվի։ Դա ձեր խնդիրն է»։

Պահանջներն են․

  • D կարգի վկայական,
  • 2 տարվա աշխատանքային փորձ,
  • աշխատավարձը` 420.000 դրամ (երկար ավտոբուսների համար՝ 500 հազար դրամ)։

Վարորդներն աշխատելու են 14-օրյա գրաֆիկով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել