«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, բացի կարկուտի տակ ընկնելուց, այլ սովորություն էլ եմ ձեռք բերել։ Խոսքը նարդի խաղալու մասին է։ Ազատության մեջ նարդի խաղալ երբեք չեմ սիրել. այդ խաղն ինձ անհետաքրքիր է թվացել։ Մեր երկտեղանոց խցում հայտնվելու հենց առաջին օրը նկատեցի, որ գրապահարանի գլխին նարդի կա դրված։ Ու քանի որ առաջին օրերին ոչ հեռուստացույց ունեինք, ոչ էլ՝ գիրք, խցակիցս ասաց, որ կարող ենք նարդի խաղալ։ Հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ չեմ խաղում այդ խաղից։ Բայց հետո, չեմ էլ հիշում ինչպես՝ համաձայնեցի։ Այդ օրվանից՝ ամեն օր մեր խցում նարդիական կրքեր են բորբոքվում։
Այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանը հասնում է նրան, որ մեր բուռն արձագանքները գրավում են վերակացուների ուշադրությունը, և երբ նրանք բացում են «վալչոկը»՝ հետաքրքրվելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է, որպես կանոն՝ կամ ես եմ մեղադրում խցակցիս՝ զառ բռնելու մեջ, կամ ինքը՝ ինձ։ Նայած՝ տվյալ պահին ում է ժպտում հաջողությունը, և ով է խելագարվել զառի անարդարությունից։ Մի անգամ, սակայն, ես ինքս ամաչեցի իմ բերած զառերից և ինձ մեղավոր էի զգում խցակցիս առաջ։
Հա, ասեմ, որ առայժմ միայն կարճ նարդի ենք խաղում, և ահա հերթական օյինի վերջում ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ես պետք է մարս լինեմ կամ առնվազն՝ տանուլ տամ օյինը։ Մրցակիցս փակել էր իր դաշտի բոլոր տները, բոլոր քարերը ներս էր լցրել և սկսել էր «դուրս գալ»։ Իսկ ես երկու գյալա ունեի։ Եվ ահա՝ մրցակիցս այնպիսի զառ բերեց, որ պիտի բացեր 6-ի տունը՝ շեշխանեն։ Այստեղ եղած քարերից մեկը հանեց, մյուսը՝ ծալեց։ Այդ պահից պրոցեսները զարգացան այնպես, որ ես անմիջապես թղթի վրա արձանագրեցի տեղի ունեցածը՝ որևէ դետալ չմոռանալու և չշփոթելու համար։
Գրեթե համոզված եմ, որ ընթերցողը չի հավատալու, բայց լրագրողական պարտքս պարտադրում է, որ ամեն ինչ ներկայացնեմ վերին աստիճանի ճշգրիտ։ Ահա, ուրեմն՝ երբ խցակից-մրցակիցս բացեց 6-ի տունը, միանգամից 6×6, այսինքն՝ դուշեշ բերեցի. այդպիսով, իմ երկու գյալաները ոչ միայն խաղ վերադարձան, այլև բավականաչափ առաջ գնացին։ Բայց սա ամենը չէ. հետագայում իրար ետևից բերեցի հետևյալ զառերը. 5×5՝ դուբեշ, 5×5՝ դուբեշ, 6×6՝ դուշեշ, 3×3՝ զույգսե, 2×2՝ դուբարա, 4×4՝ դորդջհար, 4×2՝ ջհարուդու՝ որպես տրամաբանական ավարտ։
Այսպես՝ օյինն ավարտեցի իմ օգտին, բայց զառի պարգևած այս հրավառությունից երկար ժամանակ ոչ ես էի ուշքի գալիս, ոչ մրցակիցս։ Եվ խոստովանեմ՝ եթե որևէ մեկը ինձ պատմեր, որ նման բան է տեղի ունեցել, և ինքը դա սեփական աչքերով է տեսել՝ չէի հավատա։ Գիտեմ, որ շատերն իմ պատմածն էլ են նարդիական փչոցի համարելու. միակ հույսս այն է, որ ԱԱԾ գաղտնի տեսախցիկները արձանագրել են այդ պատմական օյինը, և երբևէ հնարավորություն կունենամ ապացուցել, որ պատմածս լրիվ ճշմարտություն է։
Ու չնայած, ինչպես խցակիցս է ասում՝ «զառս երգում է», մեր սկզբունքային հակամարտության մեջ ես մինչ օրս հետապնդողի դերում եմ։ Պատկերացրեք՝ մրցակցությունը ինչ սկզբունքային բնույթ է ստացել, որ հաշիվները արձանագրում ենք թղթի վրա։ Այս պահի մրցաշարային վիճակը հետևյալն է. 26 թայլա մրցակիցս է հաղթել, 22 թայլա՝ ես։ Օյինների հաշվարկով, մրցակցիս առավելությունը ավելի մեծ է, բայց արձանագրված հաշիվը ինձ համար մեծ հաջողություն է, որովհետև խցակիցս առնվազն 30 տարվա նարդի խաղալու ստաժ ունի, իսկ ես գործնականում նոր եմ սկսում խաղալ։
Հիմա նայում եմ մեր ընդհանուր հաշվին և զարմանում, որովհետև ազատության մեջ գտնվելու ավելի քան 30 տարվա ընթացքում երևի թե 20 թայլա կարճ նարդի չեմ խաղացել։ Արդարությունը ստիպում է խոստովանել, սակայն, որ սկզբնական շրջանում տեսնելով, որ թույլ խաղացող եմ՝ խցակիցս որոշեց լրջորեն զբաղվել իմ որակավորման բարձրացմամբ, և հիմա խոստովանում է, որ չափազանց ընդունակ աշակերտ եմ։
Էն էլ ասեմ, որ մեր նարդու մեջ ինտրիգ մտավ, և հաշիվները որոշեցինք արձանագրել, երբ սկսեցի դիմադրություն ցույց տալ և նույնիսկ՝ հաղթել։ Հիմա մրցակցիս համար գերնպատակ է ոչ միայն ուղղակի ինձ հաղթելը (ինքը սա համարում է ինքնին հասկանալի մի բան) այլ 0-ով հաղթելը։ Երբեմն նույնիսկ խաղից առաջ պայման է դնում. եթե հաղթի 6-0 հաշվով, նախկինում արձանագրված որևէ հաշիվ, որ ստվերում է նարդու վարպետի նրա համարումը, ջնջում ենք մրցաշարային մեր հաշվապահությունից»,-հավելել է վարչապետը։