Պետական պատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող թեմային՝ «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
-Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մարզային և երևանյան բժշկական կենտրոնները պետական պատվերով իրականացրած բուժծառայությունների դիմաց փոխհատուցում չեն ստացել: Ի՞նչ խնդիր է առաջացել։
-Դեկտեմբերին 15 օրվա կատարողականը շուրջ 35 տոկոսով ավելին է եղել ընթացիկ տարվա նախորդ ամիսների 15-օրյա միջին կատարողականից։ Դա նախատեսված չի եղել 2024 թվականի ընթացիկ բյուջեով: Դեկտեմբերի առաջին 15 օրում որոշ ծառայությունների մասով ունեցել ենք բժշկական ծառայությունների մատուցման աճ:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ բժշկական որևէ կենտրոնի պետական պատվերի մասով պարտքեր չեն եղել։ Որպես պարտք ներկայացվող այս գումարը վերաբերում է միայն դեկտեմբերին մատուցված բուժծառայություններին:
– Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում եք պատրաստվում փոխհատուցել։
– Իրականացվում են աշխատանքներ՝ նշված կատարողականը ճշգրտելու և ըստ ընթացակարգի փոխհատուցելու համար: