ՀՀ ՆԳՆ հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցով նախատեսվում է.
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը համարել հանցագործություն, որը պատժվում է տուգանքով առավելագույնը 10.000 ՀՀ դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Սահմանել կարգավորում, որի արդյունքում ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով կճանաչվեն գործող:
Սահմանել իրավունք, որը ոստիկանությանը հնարավորություն կտա՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով նույնականացնել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց։
Արգելել 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող առարկաների վաճառքը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքի կատարումը կնախատեսվի որպես հանցագործություն։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև՝ ծակող կամ կտրող իրերի կամ առարկաների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն կսահմանվի համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրեր կամ առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ վաճառքին ներգրավելու համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը, եթե էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը, ապա ՀՀ քաղաքացուն չի ենթարկի վարչական պատասխանատվության։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով կճանաչվեն գործող։
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությանը կվերապահվի շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունք»։