Ձեռնարկվել են օրենսդրական քայլեր՝ տրանսպորտային միջոցներից գողությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար. տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։
Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, ինչը լիարժեք կերպով չի արտացոլում այդ հանցատեսակի հանրային վտանգավորությունը։ Ընդ որում, առկա գործիքակազմի կիրառման պայմաններում բազմաթիվ են այն դեպքերը, երբ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը շարունակում է գտնվել ազատության մեջ և տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով նշված հանցատեսակի դեմ ամենօրյա հետևողական պայքարին զուգընթաց իրավական դաշտի՝ գործնականում հիմնավորված լավարկումը, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանին ու բնույթին։
Պատասխանատվության խստացումն այն գործիքակազմերից է, որը թույլ կտա մեծացնել կանխարգելիչ ազդեցությունը:
Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով Պարեկային ծառայությունը բակային տարածքներում հսկողությունը ուժեղացնում է: