Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Civilnet-ի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ավինյանը լրատվամիջոցից պահանջում էր հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել: Երևանի քաղաքապետարանից չեն պարզաբանում, թե որքան գումար է պահանջում քաղաքապետ Ավինյանը Civilnet-ից:
Գործը դատարան էր ստացվել դեկտեմբերի 10-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Դատարանի դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ վերջինս գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ.
«Քաղաքացիական գործի հարուցումը դատարանում իրականացվում է որոշակի իրավական հիմքերի և ընթացակարգի պահպանմամբ, որոնք չպահպանելը հայցադիմումը վերադարձնելու հիմք է հանդիսանում:
Այսպես.
Դատարանը գտնում է, որ հայցադիմումում նշված՝ «….տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից» պատճառաբանությունը բավարար չէ հիշյալ միջնորդությունը հիմնավոր համարելու համար. հայցվորը (Ավինյանը,-խմբ․) պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը: Այսինքն, պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդությունը պետք է հիմնավորել գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել»:
Դատարանը որոշել է․
1. Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվոր Տիգրան Ավինյանի միջնորդությունը մերժել:
2. Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձնել հայցվոր Տիգրան Ավինյանին:
Դատարանը Ավինյանին 3 օր ժամանակ է տվել հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում, հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հայցվորի կողմից ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: