«Ո՞նց կարելի է 41 դատավճիռ մեկ օրում ուղարկել»․ ԲԴԽ նախագահը՝ դատավորին

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կայացավ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ երկրորդ նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ կապված աշխատանքային պարտականությունների խախտման հետ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը այս հարցով ԲԴԽ-ին միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդության համաձայն՝ դատավորը խախտել է դատավարական նորմերը՝ 41 քրեական գործերով դատական ակտերը կողմերին տրամադրելով ուշացումով, որը տևել է 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս։

Դատավորի հարցեր է ուղղել նաև խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Նրա այն հարցին, թե առողջության կամ աշխատակազմի հետ կապված խնդիրները կարող են արդյոք 1 տարի տևել, Բադալյանը պատասխանեց, որ օբյեկտիվ պատճառներ եղել են աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատակազմի ոչ լրիվ համալրվածությունը և առողջական խնդիրները։

«Ընդ որում՝ բոլորը առկա են եղել միաժամանակյա։  Եղել են դատական ակտեր, որոնք պատրաստ են եղել, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչպես նաև աշխատակազմի ոչ լրիվ համալրվածության արդյունքում, հնարավոր չի եղել ուղարկել։ Ուղարկվել է ավելի ուշ», – ասաց  Բադալյանը։

ԲԴԽ նախագահի այն հարցին, թե ինչպես կարելի է 41 դատավճիռ մի քանի օրում պատրաստել, ապա մեկ օրում այդ բոլորն ուղարկել՝ չնայած աշխատակազմի բացակայության, Բադալյանը նշեց, որ այդ դատական ակտերի մի մասը պատրաստ է եղել, իսկ մի մասն էլ պատրաստ է եղել օրական 24 ժամ աշխատելու արդյունքում։

«Պետք է պատրաստվեի վիրահատության, և այդ հանգամանքը հաշվի առնելով, որպեսզի ավելի չձգձգվի դատական ակտերը կողմերին ուղարկելու նշված ժամկետը, արել եմ առավելագույնը։ Մինչ այդ գտնվել եմ վերապատրաստման դասընթացների։ Դրանից հետո գրեթե մեկ շաբաթ այդ ժամանակն օգտագործել եմ։ Այդ ժամանակահատվածում է ուղարկվել այդ 41 դատական ակտը, որոնցից մեծ մասի գործի քննությունը իրականացվել է արագացված կարգով։ Իրենից մեծ բարդություն չի ներկայացրել»,-հայտնեց Նարեկ Բադալյանը։

Այս գործով որոշումը կհրապարակվի 2025 թվականի հունվարի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել