Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Երևանում օդի որակի հետ կապված խնդրին։

Խորհրդակցության ընթացքում  Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ համաձայն օդի որակի ինդեքսի՝ արժեքները 6 խմբի են բաժանվում ՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար, անառողջ, շատ անառողջ, վտանգավոր։  Նա տեղեկացրեց, որ Երևանում տեղադրված օդի մոնիթորինգի 151 կայաններից ստացված տվյալներով՝ օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը նոյեմբերին եղել է 103, իսկ դեկտեմբերին՝ 140։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ, այսինքն՝ 100-150 միջակայքում։

«Տեղեկացնեմ, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու քանակությունները նոյեմբերին սահմանային թույլատրելի արժեքները գերազանցել են առավելագույնը 1․8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3․4 անգամ։ Համաձայն մթնոլորտի գերաղտոտվածության վերաբերյալ  կառավարության որոշման՝  օդի վտանգավոր աղտոտվածություն է համարվում վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը այդ նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի 20-29 անգամ գերազանցումը երկու օրից ավելի, որի դեպքում  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից իրականացվում են բնակչության ազդարարման և ինչ-որ գործողությունների ձեռնարկման միջոցառումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Հայկազյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ Երևանում տեղադրվել են 151 տվիչներ օդի որակի վերաբերյալ։ «Այս սարքերը տեղադրվել են հիմնականում 2024 թվականին։ Կապված սեզոնից՝ օդի որակը Երևանում էականորեն տարբերվում է։ Մենք նույն այս սարքերով տեսել ենք, որ գարնանը, ամռանը աշնանը օդի որակը իրապես շատ լավ մակարդակում է գտնվում,  բայց ձմեռային սեզոնին խնդիրներ են արձանագրվել են»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ այս խնդիրները նոր չեն առաջացել, պարզապես նախկինում Երևանում այսչափ տվիչ սարքեր տեղադրված չէին, որպեսզի հնարավոր լիներ այդ խնդիրներն արձանագրել։

«Մենք արդեն հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք, մեր հաջորդ քայլը պետք է լինի օդի որակի նկատմամբ իրականացվելիք քառամյա ծրագիր կազմելը։ Շատ քաղաքներ այս պրոցեսի մեջով անցել են։ Երևանը աշխարհագրորեն ոչ շատ բարենպաստ դիրքում է գտնվում օդի որակի տեսանկյունից, և մենք հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ։ Մի կողմ դրած մարդածին գործոնները՝ մեր աշխարհագրական դիրքը օդի որակի տեսանկյունից ոչ այնքան բարենպաստ է, մասնավորապես ձմեռային սեզոնին։ Մենք նվազագույնը մարդածին հատվածին վերաբերվող գործողությունների հստակ ծրագիր պետք է ունենանք։ Քայլերը լինելու են ռադիկալ, ոչ այնքան հաճելի և պոպուլյար, բայց մեր առողջությունը որևէ մի հին ավտոմեքենայի շահագործումից կամ որևէ հանքից ավելի կարևոր է»,- եզրափակեց քաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել