Արսեն Գ․-ն 2024 թվականի հունիսի 14-ին՝ երեկոյան ժամը 18:15-ի սահմաններում, այցելել է իր նախկին կնոջ բնակության հասցե՝ իրենց համատեղ երեխային տեսակցելու նպատակով:
Բակում խաղալու ընթացքում երեխայի վայր ընկնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել նախկին կնոջ դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կրծքավանդակի աջ կեսի շրջանի արյունազեղման ձևով վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել օգոստոսի 28-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։
Արսեն Գ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: