«Ես նրա հետ չեմ խոսել ավելի քան 4 տարի, բայց ցանկացած պահի պատրաստ եմ»․ Պուտինը՝ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակից հետո դեռ չի շփվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ NBC News-ի թղթակից Քիր Սիմոնսը Պուտինին հարց է ուղղել, ասել որ Ռուսաստանը չի կարողացել հասնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին, սպանվել են բազմաթիվ ռուս զինվորներ, այդ թվում՝ բարձրաստիճան գեներալներ, իսկ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացվել է իշխանությունից։ Ըստ ամերիկացի թղթակցի, երբ Պուտինը հանդիպի Թրամփին, այդ ժամանակ ՌԴ նախագահը «ավելի թույլ առաջնորդ» կլինի։

Պուտինը պատասխանել է, որ մի քանի տարի չի խոսել Թրամփի հետ, բայց պատրաստ է նրա հետ բանակցել։

«Չգիտեմ՝ երբ կհանդիպենք նրա հետ։ Չորս տարուց ավելի է՝ ինչ նրա հետ չեմ խոսել, բայց ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի: Եվ ես պատրաստ կլինեմ հանդիպել, եթե նա դա ցանկանա։ Դուք ասացիք, որ այդ խոսակցությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ ես լինեմ ինչ-որ թույլ վիճակում։

Կարծում եմ՝ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է դարձել վերջին երկու-երեք տարիների ընթացքում, քանի որ մենք դառնում ենք իսկապես ինքնիշխան երկիր։ Մենք այլևս ոչ մեկից կախված չենք, մենք տնտեսապես կարողանում ենք վստահաբար ոտքի վրա մնալ։

Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանունակությունը, մեր զինված ուժերի մարտունակությունը ամենաբարձր մակարդակի վրա է աշխարհում։ Մենք ավելացնում ենք այն ամենի արտադրությունը, ինչ անհրաժեշտ է մեր բանակին և նավատորմին՝ ներկա պահի և ապագայի համար։ Մենք դա անում ենք վստահորեն և արագ տեմպերով: Նույնը չի կարելի ասել մեր հակառակորդների մասին»,-հայտնել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել