Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում միջադեպ տեղի ունեցավ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և փոքր դստեր՝ Արփի Փաշինյանի մասնակցությամբ, երբ քաղաքացիները «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» և այլ վանկարկումներով դիմավորեցին նրանց։
Աննա Հակոբյանին հաջողվել էր այդ օրը ծաղիկներ դնել անմար կրակի մոտ, և թիկնապահի՝ հեռանալու առաջարկը նա մերժել էր՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
Այնտեղ ներկա լրատվամիջոցները տարբեր կերպ էին մեկնաբանել միջադեպը, նշել, որ «Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալված 7 անձինք ազատ են արձակվել, իսկ 1 հոգու մեղադրանք է առաջադրվել։
Ապրիլի 25-ին Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
ՔԿ-ից նաև հայտնել էին, որ 7 ձերբակալվածները ազատ են արձակվել, 1 հոգու մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործով անցնող մյուս անձինք ազատ են արձակվել։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է ՔԿ՝ իմանալու, թե այժմ ինչ փուլում է գտնվում գործը, քննչական ինչ գործողություններ են տեղի ունենում, գործով քանի մեղադրյալ կա, վարչապետի տիկինը և դուստրը միջադեպի վերաբերյալ հարցաքննվել են արդյոք, թե ոչ։
Ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով իրականացվել են համապատասխան ապացուցողական և վարույթային այլ գործողություններ, իսկ սեպտեմբերի 19-ին քրեական վարույթով մեկ անձի մասով կազմվել է մեղադրական եզրակացություն և քրեական վարույթից վեջինիս վերաբերյալ անջատված մասն ուղարկվել է դատարան։
Դեպքին հնարավոր այլ մասնակիցների անձը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։