Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երգիչ և մեծանուն արվեստագետ Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքվել է, իսկ արձանի բացումը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 22-ին։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին։ Մայիսի 22-ին՝ որպես մեծ արվեստագետի 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի հանդիսավոր բացման արարողությունը»,- ասաց Սարգսյանը։