Այսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում։

«Այս երևույթները հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։

Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը:

Ասուպային այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի այսօր՝ դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 100 ասուպ մեկ ժամում (կատարյալ մութ երկնքի պայմաններում)։

Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ:

Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել