Հանրային կարծիք․ բարեգործական մշակույթը ՀՀ-ում

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսական կայունությունը էական նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության զարգացման գործում: Կայուն ֆինանսավորման աղբյուրներից մեկը բարեգործությունն է՝ քաղաքացիների և կազմակերպությունների կամավոր նվիրատվությունները:

Iravaban.net-ը հարցում է իրականացրել և պարզել Հայաստանում բարեգործական մշակույթի ձևավորման մակարդակը և դրան խոչընդոտող գործոնները: Քաղաքացիների տարբեր խմբերի կողմից լրացվել է շուրջ 120 հարցաթերթիկ։

Այսպիսով, հարցվածների 62,3 տոկոսը կանայք են եղել, 37,7՝ տղամարդիկ։

Հարցվածների մեծ մասը, շուրջ 75 տոկոսը վճարունակ, հարցմանը մասնակցելու պահին զբաղվածություն ունի։ 

Հարցվածներից միայն 6 անձ է նշել, որ անվերապահ վստահում է բարեգործական կամ հասարակական կազմակերպություններին։ 43,9 տոկոսը նշել է, որ ավելի շատ վստահում է, 38-ը տոկոսը չի վստահում, իսկ 13,2 տոկոսը դժվարանում է պատասխանել հարցին։

Որպես չվստահելու պատճառ հաճախ նշվել է բավարար հաշվետու և թափանցիկ չլինելը, իսկ 2-րդ տեղում անարդյունավետությունն է։

Հարցվածների մեծ մասը (49,1%) նշել է նաև, որ երբևէ ֆինանսապես չի աջակցել բարեգործական կամ հասարակական կազմակերպություններին վերջին մեկ տարվա ընթացքում։ Հարցին՝ արդյո՞ք պատրաստ են ապագայում ֆինանսապես աջակցել բարեգործական կամ հասարակական կազմակերպություններին հանրօգուտ նպատակներով, հարցվածների մեծ մասը (45,6%) պատասխանել է, որ ավելի շատ պատրաստ է։ 13,2 տոկոսն անվերապահ պատրաստ են։

Բացի այդ, հարցվածների կեսից ավելին նշել է, որ միջոցները (ձևերը), որոնցով կնախընտրի աջակցել հասարակական/բարեգործական կազմակերպությանը։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստ են իրենց կողմից արդեն իսկ վճարվող հարկերի որոշակի փոքր տոկոս հղել հասարակական/բարեգործական կազմակերպությանը (առանց լրացուցիչ հարկ վճարելու), հարցվածների մեծ մասը նշել է, որ կամ անվերապահ կամ ավելի շատ պատրաստ է։ Չափի վերաբերյալ հարցին պատասխանելիս քաղաքացիները նշել են, որ պատրաստ են 1-2 տոկոս հատկացում կատարել։

Միևնույն ժամանակ քաղաքացիները նշել են՝ ՀՀ-ում նման ընտրանքի հնարավորության դեպքում ո՞ր տարբերակը կընտրեն, մեծ մասը (53,5%) նշել է, որ ցանկանում է նվիրատվություն կատարել կոնկրետ ՀԿ-ին կամ բարեգործական կազմակերպությանը։

Հարցված քաղաքացիները նաև ընտրել են այն ոլորտները, որոնց վերջիններս հակված են աջակցել։ 

Առաջին տեղում կրթության ոլորտն է, 2-րդ տեղում՝ պաշտպանությունը, 3-րդը՝ առողջապահությունը։

Հետազոտությունը բացահայտել է քաղաքացիների երկակի վերաբերմունքը բարեգործական և հասարակական կազմակերպությունների նկատմամբ։ Թեև հարցվածների 58.8%-ը դրական վերաբերմունք ունի, սակայն գործնականում վերջին մեկ տարվա ընթացքում նրանց կեսից ավելին (49.1%) որևէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել։ Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքացիները խուսափում են ուղղակի նվիրատվություններ կատարելուց, ինչը կարող է պայմանավորված լինել երկրում բարեգործական մշակույթի թույլ զարգացած լինելով։

Միևնույն ժամանակ, նրանք դրական են վերաբերվում արդեն իսկ վճարվող հարկերից որոշակի տոկոսի (1-2%) հատկացմանը բարեգործական նպատակներով, ինչը վկայում է, որ հասարակությունը պատրաստ է աջակցել բարեգործական նախաձեռնություններին համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայության պարագայում։

Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև վստահության լուրջ պակաս, ինչը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների գործունեության ոչ բավարար թափանցիկությամբ և հաշվետվողականության բացակայությամբ։ Հետևաբար, Հայաստանում բարեգործական մշակույթի զարգացման համար առաջնահերթ է վստահության մթնոլորտի ձևավորումը՝ ՔՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների էական բարելավման միջոցով։

Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել