15 կազմակերպության ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին

Մենք՝ ներքոստորագրյալ կառույցների ներկայացուցիչներս, սույնով դիմում ենք Ձեզ՝ պահանջով գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների հետ։ Նշվում է կազմակերպությունների հայտարարության մեջ։

«Ինչպես գիտեք սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը: Այս և սրան նախորդող, արդեն ընդունված, հարկային օրենսդրության փոփոխութունները ուղղորդվում են այնպիսի հիմնավորումներով, որտեղ ներկայացվում են միայն բյուջեի հնարավոր եկամուտների ավելացման հնարավորությունները, առանց խորը ուսումնասիրությունների և կառավարության սահմանված կարգով ոչ պարզ և ոչ էլ բարդ ընթացակարգով կարգավորման ազդեցության գնահատականների (ԿԱԳ)։ Սա այն դեպքում, երբ հիշյալ փոփոխությունների շահառուները տասնյակ հազարից ավել տնտեսվարողներ են։

Լսումների ավարտին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով ներկայացված նախագծի շուրջ բարձրացված հարցերը, մտահոգությունները և հնարավոր խնդիրների լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը, խոստացան ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների նախընտրելի վայրում և ձևաչափով կազմակերպել առանձին աշխատանքային քննարկումներ:

Քանի որ մեկ բաց նամակով հնարավոր չէ մանրակրկիտ և ոլորտներով ներկայացնելու բոլոր հակափաստարկները վերոհիշյալ նախագծի վատ հետևանքների մասին և ելնելով հարցի կարևորությունից,

Տեղեկացնում ենք, որ այդ նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին կազմակերպում ենք աշխատանքային քննարկում կառուցողական և փորձագիտական ձևաչափով՝ միայն մասնագիտական փաստարկների հիման վրա քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը և գտնելու ՀՀ և ՓՄՁ լավագույն շահերն արտահայտող համաձայնեցված լուծումներ։ 

Ակնկալում ենք, Ձեր հանձնարարականը ՀՀ փոխվարչապետին, ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին և առաջարկը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին, վերոհիշյալ հանդիպմանը մասնակցության համար։

Միջոցառումը տեղի կունենա ք.Երևան, Խորենացի 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 15:00-ին։

Հայտնում ենք, որ այս հայտարարության մեջ հիշատակված պետական հատվածը ներկայացնող անձանց ուղարկվել են պաշտոնական հրավերներ»,-նշվում է հայտարարության մեջ։

Բաց նամակին միացած կազմակերպություններ՝

ՀՀ Կազմակերպության անվանումը Ներկայացուցիչ
1․ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ Հակոբ Ավագյան
2․ Հայաստանի գործատուների հանրապետական միություն Վահագն Համբարձումյան
3․ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Կարեն Զադոյան
4․ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատ Անդրանիկ Ալեքսանյան
5․ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ Վահան Գրիգորյան
6․ «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» ՀԿ Հերմինե Թովմասյան
7․ «Աուդիտորների պալատ» ՀԿ Նաիրի Սարգսյան
8․ «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ Սողոմոն Միրզոյան
9․ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ Սիլվա Մեսրոպյան
10․ «Փորձագիտական խորհուրդ»  գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն Վահրամ Սաֆարյան
11․ «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա» ՀԿ Դավիթ Ամիրյան
12․ «Կլուբ կապիտալ» գործարար միջավայրի զարգացման ՀԿ Գրիգոր Առաքելյան
13․ «Մադամ» գործարար կանանց ակումբ ՀԿ Տաթև Բեյբության
14․ «Հայաստանի հանրապետության ֆրանչայզինգի ասոցիացիա» ՀԿ Արթուր Վարդանյան
15․ «Իրազեկ հարկատու» ՀԿ Արթուր Մալխասյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել