ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Օրինագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:
Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը:
Առաջարկվում է նաև հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:
Օրինագծերով առաջարկվում է սահմանել՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը:
Բյուջետային աջակցության մասով նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է՝ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող՝ աշխատանքային միգրանտների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, ներգրավված նոր վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, և եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է, կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված ծախսերի (մինչև 31 աշխատող ունեցող սուբյեկտների դեպքում նաև այդ նպատակով կատարված գործուղման ծախսերի) փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը և եկամտային հարկի գումարի 25%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է։
Նախագծերով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: