COP29-ին որևէ կերպ մեր մասնակցությունը հաստատված չէ, հրավերը ստացել ենք․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ, ինչպես նաև պատգամավորներից ստացված հարցերի պատասխանները:

«Ուրախ եմ այս հնարավորության համար։

Ճիշտն ասած մենք ծավալուն զեկույց ենք պատրաստել՝ մանրամասն անդրադառնալով արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ կատարված աշխատանքների և 2025թ. ծրագրային, բյուջետավորման համատեքստում նախանշվելիք աշխատանքների վերաբերյալ՝ համադրելով որոշակի բյուջետային ցուցանիշների հետ, բայց փորձը ցույց է տալիս որ թե՛ բյուջեի նախագծի կամ կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունների ժամանակ, երբ այդպես, այդ կարգի ծավալուն ելույթներ եմ ունենում, իմ կողմից նշվող ուղղություններից կամ բովանդակության 99% չի հետաքրքրում պատգամավորներին և հարցերը շատ կոնկրետ մասնավոր մի ենթատեքստով, մի ուղղությամբ են, ըստ էության։ Եվ ես ձեզ և մեզ բոլորիս կձեռբազատեմ առանձին մանրամասների քննարկումից: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, տեղեկատվությունը հասանելի է տարվա ընթացքում էլ հրապարակային է, և մեր հաշվետվություններում էլ կլինեն:

Այնուամենայնիվ, ամփոփ պետք է, իհարկե, անդրադառնամ մեր բյուջեի կատարման համատեքստում արտաքին գործերի նախարարության ջանքերին, որոնք իհարկե, նախևառաջ, ուղղված են, և 2025 թվականին էլ է այդպես շարունակելու լինել, Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։ Սա առաջին հերթին, իհարկե, նշանակում է մեր տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, այն դեպքում, երբ որ դրանք կարգավորման կարիք ունեն, և զարգացմանը, այն դեպքում, երբ որ դրանք կարգավորված են, ունենք լավ հարաբերություններ: Բայց մենք նայում ենք նույնիսկ այդ լավից անդին և, իհարկե, հասկանալիորեն ուզում ենք զարգացնենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։

Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, և պետք է ասենք, որ 2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով, կամ ուղղությամբ, կամ համատեքստում։ Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ 2 հանձնաժողովների ղեկավարների, ըստ էության, փոխվարչապետերի միջև, և ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է արդեն ՀՀ ԱԺ կողմից, իրենց կողմից էլ՝ ադրբեջանական կողմից էլ, իրենց համապատասխան ընթացակարգերն է անցել։ Եվ առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես միմյանց կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024թ․ այս մնացած ժամանակահատվածում և 2025թ. մենք, հուսամ, և որևէ բան այս պահին խանգարող ինձ չի երևում, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն, բնականաբար որքան արագ և արդյունավետ, այնքան լավ։

Իհարկե, հաջորդ կարևոր ուղղությունը, որի շուրջ տարվա ընթացքում էական ջանքեր են գործադրվել մեր կողմից, հատկապես կառուցողական ջանքեր, դա խաղաղության պայմանագիրն է, այսպես պայմանական ենք ասում խաղաղության պայմանագիր, գիտեք, որ նախագծում եղած պաշտոնական վերնագիրը մի փոքր այլ է, մի փոքր երկար է։ Ահա խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ տեղեկատվությունը հանրային է, այն մասին, որ մեր վերջին առաջարկն, ըստ էության, եղել է գործընթացն արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք՝ ստորագրման տեսքով արդյունք, ունենալու համար բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ թե՛ մեր, թե՛ իրենց առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, այդ առաջարկները դուրս թողել տեքստից և այն, ինչ որ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման։ Այս առաջարկը, դատելով հրապարակային արձագանքներից և նաև շփումների ընթացքում, այսպես ասած մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Կրկին, ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը. պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

Գաղտնիք չի, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է և, ըստ էության, պայման կամ նախապայման, եթե կուզեք, առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, և այստեղ մենք իհարկե, որպես արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց, ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որը քիչ առաջ հիշատակածս կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ վճիռը կայացնելիս և որոշման մեջ արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ալմա-Աթայի հռչակագրով նախանշվածը, այն է՝ Սովետական Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի ԽՍՀ մինչև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջներ։ Սա, ինչպես նշեցի, գալիս է փարատելու բոլոր հնարավոր այդ կարգի մտահոգությունները։

Մյուս ուղղությունն, իհարկե, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Այս առումով ևս քայլեր են արվել։ Հրապարակային է տեղեկատվությունը, դուք գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, այսպես կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև։ Սա ասում եմ ցույց տալու, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա, և մենք կշարունակենք առաջիկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում, այն հարցերում, որտեղ հնարավոր է այս փուլում գալ ընդհանուր համաձայնության։ Իհարկե, գիտեք մեր սկզբունքներն այս առումով՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, այսինքն գտնվեն իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և ամեն ինչ պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Նաև քաջատեղյակ եք, որ այս սկզբունքներն արտացոլված են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Ուրախ եմ ասել, եթե չեք նկատել, բայց հուսով եմ նկատել եք, որ բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկ»-ը և ենթադրում են, որ այն կարող է մաս կազմել ավելի լայն լոգիստիկ գլոբալ, եթե կուզեք, ցանցերի կամ նոր նախագծերի։ Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն է այն տեսլականը, որի մեջ մենք նաև տեսնում ենք Ադրբեջան և Հայաստան տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Պետք է ասեմ, որ նաև, ըստ էության, նույն ոգով, բայց նաև զուտ երկկողմ իմաստով կարևորելով մեր հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մենք նույն խաչմերուկի տրամաբանությամբ, արդեն ասեցի, նաև քննարկում ենք և զարգացումներ ունենք և ապագայում էլ կունենանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ դյուրինացնելու տրանսպորտային անցումները երկու երկրների միջև, խրախուսելու այդ անցումները։

Վրաստանի հետ, գիտեք, որ այս տարի մենք ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ արդեն փաստաթուղթ ունենք։ Արդարացի կլինի ասել, որ Վրաստանի հետ մենք, ըստ էության, միշտ էլ ռազմավարական հարաբերություններ ենք ունեցել, բայց հիմա արդեն երկու երկրներն այդ մասին կոնկրետ ստորագրած նաև հռչակած փաստաթուղթ ունեն։ Շարունակելու ենք, իհարկե, մեր հարաբերությունները զարգացնել Վրաստանի հետ։

Թուրքիայի հետ կրկին ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։ Հիշում եք երևի, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչություններն աշխատանքներ են տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ, և հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված, ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ։ Եվ մեր երկխոսությունը նախևառաջ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները։ Նաև գաղտնիք չէ, որ Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ։ Մեր գնահատմամբ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չի, և մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ կառուցում ենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում մասնակի սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև մի փոքր ավելի փոքրամասշտաբ, եթե թույլ կտաք ասել, համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի կամրջի հետ կապված և այլն։ Այսինքն, այստեղ ուզում եմ ասել, որ ևս կա դինամիկ երկխոսություն, և ես ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել այն մասին, որ մենք մոտ ապագայում կունենանք նաև այստեղ առաջընթաց։

Սա մեծ հաշվով ես նկարագրում եմ, մի անգամ ևս ուզում եմ շեշտել այն բանի համար, որ կրկին հիշատակենք, արձանագրենք, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը դա Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության կայունության ապահովումն է և հարևանների հետ զարգացումը։

Իհարկե, այսքանով մեր քաղաքականությունը չի սահմանափակվում։ Մենք էականորեն զարգացնում ենք մեր հարաբերությունները երկկողմ ուղություններով մի քանի գործընկերների հետ ու էապես ակտիվացնում ենք մեր մասնակցությունը տարբեր միջազգային հարթակներում, որտեղ որ գտնում եք, որ դա բխում է մեր շահերից։ Այդ առումով գիտեք, որ այս տարի ունեցել ենք լուրջ քայլեր, օրինակ՝ Դեպի ծով ելք չունեցող երկրների խմբում միջոցառումներ ենք կազմակերպել և հիմա նաև նախագահության ենք հավակնում այդ խմբում։ Կտեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։ Նաև նույն նպատակին էր ուղղված և՛ մեր միջազգային կապերն ամրապնդելուն, և՛ Հայաստանը միջազգային ասպարեզում ավելի լավ ներկայացնելուն էր ուղղված «Երևանյան երկխոսություն»-ը, որն ունեցանք այս տարի։ Եվ հուսով եմ ֆինանսների նախարարի աջակցությամբ նաև 2025 թվականին կունենանք, 2026թ.-ին և այդպես շարունակ: Սա, իհարկե, արտացոլված չի պետական բյուջեում, բայց, ինչպես նախարարը նշեց, 2024թ․ էլ մենք ունեինք էական ձեռքբերումներ, որոնք արտացոլված չէին, ի սկզբանե պլանավորված չէին պետական բյուջեում, ինչպիսին, օրինակ՝ Փարիզում մեր դեսպանության շենքի ձեռքբերումը։ Այստեղ ես ուզում եմ նաև ֆինանսների նախարարին շնորհակալություն հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև 2025 թվականին։ Ես քիչ անց նաև բյուջետային համատեքստում մի քանի ցուցանիշների կանդրադառնամ։

Եվրոպական միության հետ և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նախապես խոստացա, չեմ անդրադառնա առանձին, բայց Եվրոպական միության առումով ուզում եմ նշել երկու կարևոր բան, որ տեղի ունեցավ 2024 թվականիին և կրկին վստահություն հայտնել, որ դինամիկան կշարունակվի 2025 թվականին։ Երկու բան, որ ուզում եմ հիշել, հետևյալն է. նախ, ի վերջո տարիների բանակցություններից կամ երկար փորձերից հետո Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը սկսեցին վիզաների ազատականացման, այսպես կոչված, երկխոսության մեկնարկը, և կարծում եմ, որ արագ կընթանա այդ երկխոսությունը։ Եվ նաև Հայաստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրվեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո։ Իհարկե այստեղ մեծ գումարների մասին չենք խոսում, բայց համարում եմ, որ շատ խորհրդանշական է, որ այս գործիքի ներքո ևս Հայաստանն աջակցություն է ստանում Եվրոպական միությունից։

Նույն Միացյալ Նահանգների հետ մենք ունենք ռազմավարական երկխոսություն: Հիմա նաև առանձին ուղղություններ և ենթաշերտեր էլ կան, որոնց շուրջ բանակցություններ են վարվում: Եվ եթե ոչ 2024թ.-ի ավարտին, ապա 2025 թվականին, մենք այստեղ ևս լավ բաներ կունենանք ազդարարելու: Եվ նույնը Եվրոպական միության հետ:

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները նույնպես շատ կարևոր են, ինչպես նաև շատ թափանցիկ են: Գիտեք՝ մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված: Արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ, միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Նույնը վերաբերում է առանձին մեկ-երկու հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք: Օրինակ՝ ՀԱՊԿ-ը, մեր վերաբերմունքն այս հարցում հանրահայտ է. մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ ձևով չի արձագանքել Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն: Բայց ինչպես նշեցի, կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Արևելյան ուղղությամբ մեր հարաբերությունները 2025 թվականին ևս կզարգանան Հնդկաստանի և Չինաստանի հետ: Մյուս գործընկերների հետ, օրինակ՝ Ղազախստանի հետ, ունենք բավականին լավ դինամիկա: Երկար տարիների ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, և մենք ունենք լիակատար ըմբռմում, որ հարաբերությունների զարգացման դինամիկան 2025 թվականին նույնպես շատ լավը կլինի: Առանձին հիշատակման, երևի արժանի է, որ Սաուդյան Արաբիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո արդեն ունենք բավականին ակտիվ փոխայցեր տարբեր գերատեսչություններից: Ես ինքս ունեցել եմ իմ առաջին այդպիսի այցը Սաուդյան Արաբիա:

Ինչպես խոստացա, առանձին ուղղություններով շատ չեմ մանրամասնի, բայց նշեմ, որ բյուջետային համատեքստում քննարկումների արդյունքում արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար հաստատվել է 17 միլիարդ 441 միլիոն դրամ: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտը 18 միլիարդ 23 միլիոն դրամի էր, ըստ էության հաստատված հայտը պակաս է, քան արտաքին գործերի նախարարության կողմից է ներկայացված:

Մենք ունենք հինգ ծրագիր: 1061 ծրագիրն ապահովում է արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը: Մեծ հաշվով, ես ինչ ասացի մինչ այս պահը, այս ծրագրի ներքո է տեղավորվում: Երկրորդ ծրագիրը՝ 1128,  օտարերկյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական մարմինների միջոցով արտաքին գործերի բնագավառում կառավարության քաղաքականության իրականացում: Դա մեր բյուջեի մոտավորապես 70% է, եթե այդպես ասենք։ Մենք հարաբերություններ ունենք 183 սուբյեկտի հետ: Վերջինը, տեղյակ եք, սեպտեմբերին դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Պաղեստինի Պետության հետ:

Այս ծրագրի ներքո իրականացնում ենք մի շարք բարենորոգումներ, շենքի ձեռքբերում, նաև նշվեց, որը կրկին հուսով եմ, որ շարունակական կլինի, մենք էդպիսի քաղաքականություն ունենք, և մի քանի մայրաքաղաքներում ևս ծրագիր ունենք սեփականություն ունենալ: Բնականաբար, այդ գույքերը ենթարկվում են, պարբերաբար կարիք են ունենում վերանորոգման: Տրանսպորտային միջոցները ևս մաշվում են և թարմացման կարիք ունեն:

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, տնտեսությունն օտարերկրյա պետություններում մշտական խնամքի կարիք ունի հասկանալիորեն: Խնդիր կա, գիտեք, որ որոշ երկրներում առանձին քաղաքական գործընթացների արդյունքում կա էական գների աճ և հատկապես անշարժ գույքի վարձակալության հարցում։ Մեր դիվանագետներն ինչ-որ տեղ պետք է վարձակալեն, որպեսզի ապրեն ու իրենց աշխատանքը կատարեն: Ահա, Հայաստանի Հանրապետության կողմից այս պահին վարձակալության համար տրվող գումարները որոշ դեպքերում էականորեն նվազ են, քան շուկայում պատշաճ առաջարկները կան: Եվ մենք այստեղ ևս առաջիկայում անելիք ունենք ձեզ հետ միասին նույն բյուջեի հաստատման ուղղությամբ: Իհարկե, նաև վստահ ենք, որ ֆինանսների նախարարության վերաբերմունքը ևս կլինի այս մարտահրավերին ադեկվատ:

Մյուսը 1118 ծրագիրն է, որի նպատակն է համագործակցության միջազգային կազմակերպությունների հետ: Այստեղ մեր անդամավճարներն են տարբեր կազմակերպություններին:

Հաջորդ՝ 1050, ծրագրով նախատեսվում է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում: Սա դիվանագիտական դպրոցի մասին է: Այստեղ մենք արդեն մեկ-երկու տարի ունենք շատ հետաքրքիր առաջընթաց: Մենք ունենք մի շարք երկրներ, որոնցից երիտասարդ դիվանագետներին և մասնագետներին հրավիրում ենք մեր մոտ վերապատրաստվելու: Այս ծրագրերը ևս կշարունակվեն: Կարծում ենք, որ սա լավ ներդրում է ապագայում տարբեր երկրների դիվանագիտական շրջանակներում և ոչ միայն ունենալ Հայաստանի բարեկամներ:

Հինգերորդ՝ 1178, ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում:

Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ բյուջետային գործընթացը իրականում դինամիկ պրոցես է, և այն հայտը, որը այժմ գտնվում է Ազգային ժողովում, հուսամ կանցնի քննարկումը և առաջին ընթերցմամբ կընդունվի: Դեռևս ամբողջական չէ և կլինեն էլի քննարկումներ: Կարծում եմ՝ կլինի երկրորդ ընթերցում, որը թերևս կարող է մի փոքր տարբերվել այս պահին ներկայացվածից:

Այստեղ ես կանգ առնում եմ և կպատասխանեմ Ձեր հարցերին: Շնորհակալ եմ»:

Պատասխանելով «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Նախ ցանկանում եմ նշել, որ «Խաղաղության խաչմերուկը» և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախևառաջ մեր շահերի սպասարկմանն է ուղղված։ Դուք նշեցիք ուրիշների շահերի բալանսավորումը։ Սա մեզ համար է, մենք ինքներս ուզում ենք գտնվել մեծ միջազգային լոգիստիկ անցողիկ ուղիների խաչմերուկում և հենց այդ պատճառով էլ անվանումը «խաչմերուկ» է։ Մեզ համար այստեղ շատ սկզբունքային է այն, ինչ ասացի քիչ առաջ՝ ինքնիշխանության և իրավազորության մասին հանրահայտ սկզբունքները։ Ես կարող եմ նաև մասնավորեցնել. մենք անընդունելի ենք համարել և համարում ենք ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժերի տեղակայում, երրորդ ուժերի մասնակցություն և այլն։ Բայց նաև պատրաստ ենք այդ պայմաններով և առանց այլևս ձգձգումների ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը։ Նշեցի արդեն, որ մենք ունենք դինամիկ քննարկում։ Ես կարող եմ թվարկել բազմաթիվ երկրներ, որոնք ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»։ Իրականում այո, ես կենտրոնացա մեր շահերի վրա, բայց սա մի բան է, որը բխում է շատ երկրների շահերից՝ ծանրության կենտրոն հանդիսացող աշխարհաքաղաքական գործընթացներով, ծանրության կենտրոն հանդիսացող առանցքային երկրների շահերից և արևելք-արևմուտք ապրանքների և ուղևորների շարժի և հյուսիս-հարավ ապրանքների և ուղևորների շարժի տեսանկյունից։ Այսպիսով, այս գործընթացը ողջունող պրոցեսը դեռ ավարտված չէ։ Մենք շարունակում ենք աշխատանքները, և ես գրեթե վստահ եմ, որ ինչ-որ մի պահ մոտ ապագայում «Խաղաղության խաչմերուկն» իսկապես և մեր ենթակառուցվածքների ապաշրջափակումն իսկապես կդառնա կարևոր և շատ օգտագործելի հանգույց՝ նշածս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև ապրանքների շարժի համար, և սրանով իսկ նաև էական աստիճանով կավելացնի Հայաստանի Հանրապետության անվտանգությունն՝ ինքնին դառնալով խաղաղություն ապահովող գործոն, ինչի համար էլ ծրագիրը ստացել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը»։

Հարցին, թե արդյոք ԱԳ նախարարության օրակարգում Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ, նախարար Միրզոյանը տվել է հետևյալ պատասխանը. «Ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ, ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի: Պատմության անցքերը, ողբերգական հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը և արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ արտաքին գործերի նախարարության օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունը չէ:»

Պատգամավորի կողմից հնչել է հարց նաև COP29 համաժողովի առնչությամբ«Հայաստանի համաձայնությամբ Ադրբեջանում նոյեմբերին COP29 նիստը պետք է կայանա, և այդ ժամանակ մենք հիշում ենք, որ նաև ազատ արձակվեցին պահվող անձինք, ովքեր Ադրբեջանում բանտարկված էին։ Հիմա մեր մասնակցությունն առիթ չէ՞ ևս մեկ այդպիսի արդյունք ստանալու՝ այսինքն հասնել նրան, որ ավելի, քան 30 ռազմագերի, որոնք այսօր պահվում են Ադրբեջանի բանտերում, ազատ արձակվեն, և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը գտնվում է օրակարգի մեջ, թե՞ ոչ։»

Պատասխան. Ե՛վ COP-ի համատեքստում, և՛ COP-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք, և՛ Ադրբեջանի հետ մեր խոսակցություններում, և՛ այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում, գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, և նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք, անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման թիվ մեկ առաջնորդություններից մեկն է: COP-ին որևէ կերպ մեր մասնակցությունը հաստատված չէ, հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, և, իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև Ձեր ասածի համատեքստում:

(…) Այդ COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը, և այդ՝ ընդհանուր չասեմ գործարք, բայց մի խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ միաժամանակ, մի գործողությամբ ազատ է արձակվել: Այսինքն, մենք դա արել ենք, որ մեր գերիներն ազատ արձակվեն։  Եվ հիմա էլ, Դուք հարց տվեցիք իմ մասնակցության մասին: Ավելի թափանցիկ ինչպե՞ս է հնարավոր: Ես ասեցի, որ մենք չենք բացառում, և Ձեր ասածն էլ, իհարկե, օրակարգի մաս է:

Պատասխանելով պատգամավորի հարցին նախարար Միրզոյանը լրացուցիչ անդրադարձավ ԵՄ-ի հետ գործընկերությանը նշելով․ «Իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ասված այդ խոսքերն այն բանաձևն են, որով մենք այս պահին էլ առաջնորդվում ենք: Մենք պատրաստ ենք Եվրոպական միությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ տա, և փոխադարձաբար լավ կհամարի։ Մենք ունենք, ես չմանրամասնեցի, բայց տարբեր ուղղություններ, տարբեր ծրագրեր, որտեղ մենք և Եվրոպական միությունը շատ ակտիվ երկխոսություն ունենք: Մենք ունենք Քաղաքական և անվտանգային խորհուրդը, այսպես ասենք, այդ ֆորմատը ունենք: Մենք ունենք տնտեսական հարցերով, ունենք զանազան մոտարկման օրակարգային հարցեր։ Ինչ վերաբերում է հարևանների կողմից մեր քաղաքականության ընկալմանը, ես որքան հասկացա, Դուք դա նկատի ունեք: Ես ասացի, որ մեր առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումն է, և այստեղ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Անշուշտ, մեր եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում: Ես կարող եմ ասել, որ չկա մի բան, որ արվում է Հայաստանի Հանրապետության կողմից և չի ողջունվում, կամ դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ:»

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների աապաշրջափակման թեմայի շուրջ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ես ասել եմ, որ երրորդ ուժերի ներկայությունն ապաշրջափակվող ենթակառուցվածքների շուրջ, երկայնքով, լայնական կտրվածքով, վերևը, ներքևը, մեզ համար անընդունելի է։ Այդպես եղել է, և այդպես էլ կա։ Միջազգային կազմակերպությունների մասով էլ, գիտեք, պիտի հասկանանք. կա տրանսպորտային ընկերություն, կա փոխադրող ընկերություն, կա երկաթգիծ կառուցող ընկերություն, կա երկաթգիծը սպասարկող ընկերություն, կա օպերատոր կամ վագոնավար։ Այնքան տարբեր շերտեր կան, դրա հետ կապված կհասկանանք, որ կոնկրետ ինչ-որ բան լինի ասելու, կասենք։ Հիմա դատողություններ անելը վաղ է։ Երրորդ ուժերի մասնակցությունն այն իմաստով, որ իմաստով շրջանառվում է լայն մամուլում, մեզ համար անընդունելի է։»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել