«Այս տարի Տավուշի այն գործընթացը, որն իրականացվեց՝ զորքերը հետ քաշվեցին, ինչպես դուք եք նշում՝ սահմանի վերականգնումն է արվել, որի հետ, իհարկե, մենք համաձայն չենք, այդ ամեն ինչի հիմքերը չկան, բայց դուք դա նորմալ եք համարում, ու հետ եք գնում՝ 2004-ից սկսած մարդկանց սեփականության վկայականներ տալն եք խնդիր համարում․ ինչևէ, սա որպես փոքր արձագանք»,-այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հիմա, կապված այս կանոնակարգի 5-րդ հոդվածի հետ, որով որոշվում է՝ հատվածական է արվելու սահմանազատումը․ այսինքն՝ սրա հետ կապված կան շատ լուրջ հարցեր՝ նախ՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ այս ամենը սկսվի հենց Տավուշի մարզից, մյուսը՝ ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու»,-հավելեց Քոչարյանը։
«Դուք էլի գնահատական եք տալիս, որ հիմքեր չկային սահմանազատումը իրականացնելու համար, ես կարծում եմ՝ կային։ Սկսած ԽՍՀՄ Սահմանադրությունից՝ ավարտված ՀՀ ԽՍՀՄ ժամանակահատվածի Սահմանադրությամբ՝ շղթան կառուցված է իրավական»,- Լևոն Քոչարյանին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։