ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է հանցավորության հաշվառման գործընթացի իրականացման եւ այդ գործընթացի գնահատման մեթոդաբանությունների կիրառման կարեւորությանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Նա նշել է, որ եթե Ոստիկանության տեղեկատվական կենտրոնը յուրաքանչյուր ժամանակահատվածի` օրինակ 2022 թվականի վերջում հրապարակում է որեւէ տեսակի հանցագործությունների որոշակի ցուցանիշ, հաջորդ տարիների ընթացքում, հանցագործության բացակայության հիմքով կարճված գործերի թիվը չի արտացոլվում արդեն հրապարակված վիճակագրական տվյալներում: Ըստ նրա` նույն տրամաբանությամբ, տարվա կտրվածքով, չի արտացոլվում նաեւ հետագա տարիներին բացահայտված հանցագործությունների թիվը. այսինքն` 2023 թվականին բացահայտված որեւէ հանցատեսակի քանակական ցուցանիշը չի արտացոլվում 2022 թվականի վիճակագրության մեջ: Արգիշտի Քյարամյանը նշել է, որ դա է հիմնական պատճառը. թվում է` կա համատարած թե’ հանցավորության մակարդակի աճ, եւ թե’ հանցավորության բացահայտելիության նվազում: Նշված համատեքստում անդրադառնալով մարդու դեմ ուղղված հանցագործություններին թվին` Արգիշտի Քյարամյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ոչ թե 6565, այլ 6081 դեպք, իսկ 2023 թվականին` 7138-ի փոխարեն 6006 դեպք: Այսինքն` տվյալ դեպքերի թիվը ոչ թե աճել է, ինչպես նշվել է հաշվետվության մեջ, այլ ընդհակառակը` նվազել է:
Զեկուցողն անդրադարձել է նաեւ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններին: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրված դեպքերի 45.4 տոկոսը, նաեւ 2023 թվականի` 35.2 տոկոսը վերաբերում են առանց վարորդական իրավունքի վարելուն: Ըստ Արգիշտի Քյարամյանի` նոր հանցատեսակներ կան, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում հանցավորության քանակական աճի գնահատման վրա: Հանցավորության գործոնի վրա իր ազդեցությունն է ունենում նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների եւ վերջին շրջանում արտերկրից Հայաստանում բնակվելու նպատակով տեղափոխվածների թվի աճը: