2012 թվականից սկսված վերանորագման աշխատանքները մոտենում են ավարտին․ Մայր Տաճարն այսօր

Մայրը Տաճարը գրեթե 6 տարի է, որ իր աղոթական դռները փակել էր հավատացյալների և այցելուների առաջ և արդեն իսկ ավարտին է հասել հիմնավերանորոգման աշխատանքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն  Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Աշխատանքները սկսվել են հատակից և ավարտվել են մայր գմբեթի խաչով։ Գույներն ավելի են պայծառացել՝ մոտենալով այն գույներին, որոնք որ վրձնած են եղել Հովնաթանյան ընտանիքի տաղանդավոր որմնանկարիչների կողմից։ Այն գեղեցկությունը, որ թաքնված են եղել տարիների մրի և ծխի գոյացության մեջ, շնորհիվ մեր վերականգնող վարպետների, բացվել են։ Ոչ մի սեղան չի տեղաշարժվել, այլ բոլոր սեղաններն ամրակայվել են»,-ասաց նա։

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց, որ սեպտեմբերի 29-ին տաճարն ամբողջությամբ բացվելու է։ Նա ընդգծեց, որ նման ծավալի վերանորոգում երբեք չի եղել։

«Վերջին անգամ 1620-ական թվականներն է եղել, Մովսես Տաթևացի կաթողիկոսի օրոք։ Հետագայում էլ որոշակի վերանորոգումներ կատարվել են, այլ կաթողիկոսների ժամանակ, բայց այսպիսի հիմնարար վերանորոգում Մայր Տաճարում իրականացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք»,-նշեց նա։

Սրբազանն անդրադարձավ նաև այն հարցին, թե Տաճարի հիմնավերանորոգման աշխատանքների համար որտեղից և ինչպես են միջոցներ հայթհայթվել։

«Հայտարարված էր համազգային դրամահավաքություն, բայց գիտեք, որ նաև այդ ընթացքում համավարակ, Արցախի պատերազմ․․․և Հայոց Հայրապետի կողմից որոշվեց, որ այդպիսի դրամահավաք չիրականացվի, որպեսզի այդ բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, դեպի բանակ, դեպի Հայաստան և կարիքավորներին։ Կան շուրջ մեկ տասնյակ հիմնական բարերաներ և հանգանակություն։ Եղել է նաև մի հավատավոր հայորդի, որ եկել և խնդրել է, որ իր ֆիզիկական ուժով օգնի և այստեղ աշխատել է, նաև այդ տեսակ հանգանակություն է եղել»,-նշեց նա՝ հավելելով, որ պետության կողմից աջակցություն չի եղել։

Մայր Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, ինչը ևս պատճառ է եղել, որ հիմնավերանորոգման աշխատանքները երկար են տևեն, քանի որ ամեն դետալ պետք է համաձայնեցվեր։

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը նշեց, որ շատ են եղել գմբեթի խաչի վերաբերյալ շահարկումները։ Խաչը եղել է քայքայված, արդեն գոյությունը չպաշտպանող վիճակում։

«Խաչը ցուցադրվում է թանգարանում, կարող եք տեսնել և համոզվել, թե ինչպիսինն է եղել խաչի վիճակը։ Տեղադրվել է նոր բրոնզաձույլ խաչ, որը չասեմ, թե ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական առումով կրկնում է ապամոնտաժված խաչը։ Մասնագետների պակաս Հայաստանում չենք զգացել և Մայր Տաճարի այս աշխատանքները կարող են որպես հաշվետվություն ներկայացվել, որ Հայաստանում ունենք բավականին ներուժ, սկսած նախագծումից, հետազոտությունից, վերջացրած բուն աշխատանքներով։ Աշխատանքներում ներգրաված են եղել հանրապետության բոլոր առաջատար մասնագետները։ Մենք գործ ենք ունեցել 1700-ամյա մեր սրբություն սրբոց Տաճարի հետ, որի վրա տարբեր տեղերում, տարբեր շերտերում կար ավելացումների շերտեր, երբեմն պակասությունների շերտեր և այդ տեսքով հասել էր մեզ տաճարը, ես ձեզ վստահեցնում եմ, որ տաճարի որոշ հատվածներ ուղղակի վթարային վիճակում էին գտնվում, որ աչքով տեսանելի չէր և այս վիճակում գտնվող տաճարի հետ գործ ունենալը շատ բարդություններ է առաջացրել»,-ասաց նա։

Ճարտարապետի խոսքով՝ Վեհափառ Հայրապետը մշտապես հետևել է աշխատանքներին։

«Աշխատանքների առաջին օրվանից նշել եմ, որ երանի գա այն օրը, որ մարդիկ այցելեն, նայեն տաճարին և ասեն՝ ոչինչ էլ արված չէ։ Այսօր, կարծում եմ, այդ տպավորությունը ստացել եք, որ ոչինչ չի փոխվել, ուղղակի տաճարի ողնաշարը բուժել ենք»,-նշեց նա։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել