Սահմանադրական դատարանի դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը տեղափոխվեց չորեքշաբթի՝ առավոտյան 09:00-ին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Թովմասյանը հայտնեց, որ իրեն լավ չի զգում։
Այսօր կլիներ հինգերորդ օրը, ինչ Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Ամբաստանյալի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։