Նախարարը՝ դպրոցներում առկա ուսուցչի թափուր հաստիքների և տնօրենների նշանակման նոր պահանջների մասին

Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին:

Ասուլիսի ընթացքում նախարարին հարց է ուղղվել նաև այս պահին դպրոցներում առկա ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս ուսումնական տարվա ճշգրիտ տվյալները սեպտեմբերի 16-ից հետո կլինեն: 

«Թափուր տեղերի որոշակի թվաքանակն իրականում փոփոխական է. մենք պետք է հասկանանք, որ համակարգում կա շարժունություն: Ավելի շատ պետք է խոսենք ուսուցչական այն թափուր տեղերի մասին, որոնցով պարբերաբար մրցույթ է հայտարարվում, բայց համալրում չի լինում. տարեկան շուրջ 600-700  այդպիսի տեղեր են լինում: Խոսքը հիմնականում այն առարկաներին են վերաբերում, որոնք քիչ ժամաքանակ ունեն»,- ասել է նախարարը: 

Նախարարը խոսել է նաև տնօրենների նշանակման նոր պահանջների վերաբերյալ։ Դրանց սահմանումը 2022 թվականին «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխությամբ մեկնարկած բարեփոխումների տրամաբանության շարունակությունն է: Դրանով դպրոցի բովանդակային կառավարումն առանձնացվել է վարչատնտեսականից: Տնօրենների համար սահմանվել են խիստ բովանդակային պահանջներ՝ կրթության կազմակերպման և կրթության որակի ապահովման տեսանկյունից: 

«Այդ հիմքով վերանայեցինք տնօրենների նշանակման ամբողջ ընթացակարգը. ներդրվել է եռափուլ համակարգ: Ըստ այդմ՝ ինչպես նախկինում, ներկայում ևս գործում է հավաստագրման փուլը, որն առավել պարզեցվել է. գրավոր և բանավոր փուլերի փոխարեն մնացել է միայն գրավորը: Տնօրենի պաշտոնում աշխատել ցանկացող անձինք պետք է հավաստագիր ունենան՝ մասնակցելով գրավոր թեստավորման: Հավաստագիր ունենալուց հետո տվյալ անձը կարող է դիմել որևէ թափուր տեղի մրցույթի և ներկայացնել զարգացման ծրագիր, որը փորձաքննվում է արտաքին, պատվիրակված երկու կազմակերպություններից մեկի կողմից՝ գնահատման հստակ սանդղակով: Ներկայացված ծրագրերի շուրջ 85%-ը չի հաղթահարում փորձաքննության շեմը: Իրականում, զարգացման ծրագրի ճիշտ կամ սխալ տարբերակ չկա. ճիշտ է այն զարգացման ծրագիրը, որն արտացոլում է տվյալ դպրոցի խնդիրները: Իսկ խնդիրները տարբեր դպրոցներում տարբեր են: Յուրաքանչյուր հավակնորդ պետք է  կարողանա իր դպրոցի խնդիրները վերլուծել և լուծումներ առաջարկել,- ասել է նախարարը և հավելել,-այն որ հավակնորդների 85%-ը չի հաղթահարում շեմը, նշանակում է՝ ունենք կարողությունների խնդիր»: 

Հաջորդ քայլը՝ ծրագրի փորձաքննությունից հետո նախարարությունում տեղի ունեցող հարցազրույցն է, որը վերաբերում է կրթության կազմակերպման բովանդակային խնդիրներին: Զարգացման ծրագրի շեմը հաղթահարած հավակնորդների շուրջ 60%-ը չի հաղթահարում նաև հարցազրույցի փուլը:

«Ոլորտում առկա կարողությունների խնդրով պայմանավորված՝ վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկել, որն իրականացվում է  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Եվրամիության և «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ներկայում դիմումների ընդունելության փուլն է ընթանում, որից հետո հավակնորդների համար կիրականացվի վերապատրաստման դասընթաց»,-ասել է նախարարը:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել