Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Այսօր Զվարթնոց օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն, ավիաընկերության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Նախարար Սանոսյանը չվերթը պատմական է որակել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Երևանի միջև օդային կապ կա: «Այս ուղղությամբ կարծում ենք մեծ պահանջարկ կա և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ, ովքեր Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ մտադրություն ունեն թռիչքներ կատարելու: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Սանոսյանը նշել է, որ նպատակ կա դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ նոր ուղիղ չվերթեր ունենալ և ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: «Սա հետևողական քաղաքականության արդյունք է։ Մենք ավիացիոն ոլորտում միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթեր դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ»,-ընդգծել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել