Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում

Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:

Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝  ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ 

Բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է ամփոփել ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները «Կարևոր է ևս մեկ անգամ խոսել առաջնային անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երևանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց համապատասխան անելիքներն՝ ուսումնական տարվան ընդառաջ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Դասագրքերը տպագրվում են

Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ նա նշել է, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոխնախարարը, մասնավորապես, ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Որոշ դասագրքերի  տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված:  Նախատեսվում է, որ  մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»: 

Նրա խոսքով՝ փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։

Ըստ նրա՝ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր  չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար  սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի  դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:

Ուսուցիչների վերապատրաստման մասին

Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ գործընկերների հետ համագործակցությամբ ՀՊՉ ներդրման շրջանակում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստումները: Մասնավորապես՝ ԿԶՆԱԿ-ն իրականացնում է առարկայական, ինչպես նաև ուսումնական պլանի գծով վերապատրաստումները: «Բոլոր աշխատանքները, որոնք պետք էր կազմակերպել դպրոցներում պատշաճորեն տարին սկսելու համար, իրականացվել են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: 

Մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակները կլինեն պարտադիր

Նոր ուսումնական տարում որպես պարտադիր խմբակ բոլոր դպրոցներում գործելու են մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակները:  Աշխատաժողովի ընթացքում նախանշվել են այն գործողությունները, որոնք պետք է արվեն հատկապես օրակարգային է դպրոցների ֆինանսավորման առանձնահատկությունների վերաբերյալ հարցը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացը սկսվել է անցյալ տարվանից, և, ըստ Արաքսիա Սվաջյանի, այս տարվանից այն կունենա ավելի սահուն կիրարկում:  Փոխնախարարն իրազեկել է, որ երկուշաբթի օրվանից մարզային այցերն ու օգոստոսյան խորհրդակցություններն են մեկնարկելու: Հատկանշական է, որ այս տարի, բացի դպրոցներից և մանկապարտեզներից, նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ են քննարկումներ լինելու, քանի որ ուսումնական գործընթացի կազմակերպման ծավալուն բարեփոխումների ծրագրեր են իրականացվում նաև այդ կառույցներում:

ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է ՀՊՉ-ի ներդրմանն առնչվող հիմնական խնդիրները՝ նշելով, որ Տավուշի մարզի փորձը հնարավորություն է տվել այլ մարզերում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա անդրադարձել է ուսումնական պլանի կազմման առանձնահատկություններին՝ նշելով, որ շատ դպրոցներ  դեռևս լիովին չեն պատկերացնում չափորոշչով տրված նոր հնարավորությունները: Այդ նպատակով ուղեցույցներ են հաստատվել ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի կողմից, որոնցից օգտվելով՝ դպրոցների աշխատանքը կարող է հեշտանալ։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցներում կառավարման նոր համակարգին, մենթոր դպրոցների գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգին, նախադպրոցական կրթության չափորոշչին, արտադպրոցական կրթությանը վերաբերող այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել