Իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության օրենքը.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և կարգադրությունը.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում` նաև դրանք իրագործող նախարարները` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը.
զ) համայնքի ղեկավարը` տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը.
է) ակտն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը` գերատեսչական իրավական ակտը.
ը) ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի, հիմնարկի կամ իրավաբանական անձի պաշտոնատար անձը` այլ իրավական ակտերը:
Ստորագրությունը դրվում է իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունման վայրը: Ընդունման կամ ստորագրման պահից ուժի մեջ մտնող իրավական ակտերի վերջում պետք է նշվի ընդունման ժամը: