Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։
Հայտնում է Ilur.am-ը։
«Հայոց համազգային շարժման ու Հայ ազգային կոնգրեսի սյուներից էր Վահագնը՝ անթեք, ամուր ու վստահելի։
Երբեք չտրվեց որեւէ գայթակղության. քաղաքական իր համոզմունքներին հավասար` կոշտ էին ու անխախտելի նրա բարոյական սկզբունքները։
Վահագն Հայոցյանը մեկն էր այն մի քանի հարյուր, գուցե` մի քանի հազար, առանձնացող տեսակով նվիրյալներից, որոնք ապահովեցին, նախ, Ղարաբաղյան շարժման, ապա դրա քաղաքական կառույց ՀՀՇ-ի իշխանության որակները, հենց այդ որակների շնորհիվ գրանցած քաղաքական արդյունքները։
Վահագնը հեռացավ կյանքից հանգիստ խղճով, առանց պարտք մնալու զգացողության՝ ամենակարեւորը վերջին այդ ճանապարհից առաջ։
Հայ ազգային կոնգրեսը սգում է սիրելի ընկերոջ, կուսակցական ու քաղաքական գործչի կորուստն ու ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։
Վահագն (Վարդգես) Հայոցյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ից 20.00-ը, Դավիթ-Բեկի 83 հասցեում գտնվող «Ռոտոնդա» սգո սրահում, հուղարկավորությունը նույն հասցեից՝ օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ին»։